Նյութը՝ Դավիթ Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 30-04-2018
Մայա Աֆրիկյանը հեղինակային մենահամերգով ելույթ է ունեցել Մոսկվայում
Հեղինակ-կատարող, միջազգային մրցույթների դափնեկիր Մայա Աֆրիկյանը (սոպրանո) հեղինակային մենահամերգով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնությունում:

Օրերս Բունինի անվան գրադարանի դահլիճում անցկացված համերգային երեկոյին Աֆրիկյանի հետ հանդես է եկել նաեւ կոնցերտմայստեր, միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահարուհի Լիլիանա Դարբինյանը, ով նաեւ ասմունքել է երեկոյի ընթացքում: 

«Հոգու լարերին» խորագիրը կրող համերգային երեկոյին նրանք ելույթ են ունեցել «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնի կազմակերպիչների հրավերով: Երեկոն վարում էր մրցույթի կազմկոմիտեի նախագահ Նատալյա Ավետիսյանը։ Ի դեպ, թե՛ Աֆրիկյանը, թե՛ Դարբինյանը վերջերս դարձել էին այս հեղինակավոր ստուգատեսի դափնեկիրներ:  

80-ից ավելի երգերի եւ ռոմանսերի հեղինակ Մայա Աֆրիկյանը համերգային երեկոյի ընթացքում ներկայացրել է հայ պոետների տեքստերով ռուսալեզու, ինչպես նաեւ հայալեզու երգեր ու ռոմանսներ: Մասնավորապես, ներկայացվել են Սիլվա Կապուտիկյանի, Կորյուն Առաքելյանի, Սվետլանա Հովսեփյանի, Մայա Աֆրիկյանի տեքստերի հիման վրա գրված գործեր:  

«Մինչ մեկնելը մենք թարգմանել ու ռուսերեն հրատարակել էինք 10 երգ ներառող «Հույսի ծիածան» երգերի ժողովածուն.այդ երգերն էլ ներկայացվեցին երեկոյի ընթացքում: Տեքստերի հեղինակը Կորյուն Առաքելյանն է, երաժշտությունն էլ ես էի հեղինակել: Համերգային երեկոյի ավարտին ժողովածուն, ինչպես նաեւ Սվետլանա Հովսեփյանի բանաստեղծություններն ամփոփող գիրքը նվիրեցի Բունինի անվան գրադարանին»,-նշում է Մայա Աֆրիկյանը:

Անդրադառնալով ծրագրին՝ հեղինակ-կատարողն ընդգծում է նախաձեռնության կարեւորությունը: «Կարծում եմ, որ սա շատ կարեւոր եւ հետաքրքիր ծրագիր էր, քանի որ մենք մեր պոեզիան ներկայացրել ենք ռուս հանդիսատեսին: Այսինքն՝ ռուսներին հասկանալի լեզվով ցուցադրել ենք մեր արվեստը: Իմ երազանքն է, որ այս ծրագիրը ներկայացվի Ռուսաստանի ամբողջ տարածքում»,-հավելում է Մայա Աֆրիկյանը:

Նշենք, որ երեկոյի ընթացքում Ռուսաստանի հայերի միության կողմից Մայա Աֆրիկյանին ու Լիլիանա Դարբինյանին հանձնվել են միության մեդալներ: 

Տեղեկացնենք, որ Մայա Աֆրիկյանը 2003 թ. ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալ բաժինը: Մի շարք համերգներով հանդես է եկել Երեւանում, Արցախում, արտերկրում: 2017 թ. Ղրիմի Սեւաստոպոլ քաղաքում անցկացված «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնին Մայա Աֆրիկյանն արժանացել է առաջին կարգի դիպլոմի՝ «Ակադեմիական վոկալ» անվագակարգում, ինչպես նաեւ ստացել դափնեկրի երկրորդ կարգի դիպլոմ՝ «Հեղինակային երգ» անվանակարգում: