Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 27-04-2018
Ծաղիկների նոր կյանքը. ծաղկահավաք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բազմահազար ծաղիկներն ապրիլի 24-ից մի քանի օր հետո նոր կյանք են ստանում. դրանք օգտագործվում են թղթի վերամշակման համար:

ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օժանդակությամբ ապրիլի 27-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կազմակերպեց ամենամյա «Ծաղկահավաք» միջոցառումը: Իրադարձությանը մասնակցեցին բազում պատանիներ Երեւանից ու հանրապետության տարբեր մարզերից: 

Բազմամյա ավանդույթի համաձայն՝ միջոցառումը մեկնարկեց օրհնության կարգով, իսկ բացման պաշտոնական արարողությունն ուղեկցվեց Արարատյան հայրապետական թեմի երգչախմբի կատարումներով:

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից. առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար: Պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար, իսկ ձեռակերտ թղթից հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ են պատրաստվում:

Նախաձեռնությունը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու խորհուրդը եւ բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը:

«Նախաձեռնությունը կազմակերպվում է արդեն մոտ 8 տարի, երկու տարի ամբողջ նախաձեռնության իրականացումն իրենց վրա են վերցրել սկաուտները: Ծաղկահավաքի խորհուրդը վերածնունդն է: Ծաղիկները վերամշակվում, նոր կյանք են ստանում»,- մեզ հետ զրույցում նշեց ՀԲԸՄ Հայաստանի սկաուտների երեցական խմբապետ Արսեն Անտոնյանը:

Պատկերասրահ՝ Ծաղկահավաք Ծիծեռնակաբերդում 2018 թ.