Նյութը՝ «Հայկական գիտական միավորում» ՀԿ-ից
Լուսանկարները՝ «Հայկական գիտական միավորում» ՀԿ-ից
Տեղադրվել է 27-04-2018
Դասընթաց մարզային երիտասարդների գործազրկության հաղթահարման թեմայով
Ապրիլի 25-ին 2018 թվականի ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Իջեւանում մեկնարկեց «Մարզային երիտասարդների գործազրկության հաղթահարումն անհատական զարգացման միջոցով» ուսուցողական դասընթացը:



Այդ դասընթացը երիտասարդական մայրաքաղաքում իրականացվող առաջին ծրագիրն է, որը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակում կազմակերպել է «Հայկական գիտական միավորում» ՀԿ-ն:



Դասընթացն անցկացվում է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում: Ծրագրի աջակիցներն են ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորումը, ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնը, ուսանողական խորհուրդը։



Դասընթացին մասնակցելու համար նախապես՝ մեկ ամսվա ընթացքում, Իջեւան քաղաքի ու հարակից համայնքների 18-30 տարեկան 70-ից ավելի երիտասարդներ լրացրել էին առցանց հայտ: Մասնակցության համար ընտրվել էին 50 երիտասարդներ:



Բացման խոսքով հանդես եկավ ծրագրի պատասխանատու Սլավիկ Ալավերդյանը: Նա համառոտ ներկայացրեց «Հայկական գիտական միավորում» ՀԿ-ի գործունեությունը, ծրագրի կառուցվածքը, ժամանակացույցը, սեմինարավարներին եւ կոչ արեց սեմինարների ժամանակ լինել ակտիվ:



Դասընթացը կավարտվի մայիսի 1-ին: Նախատեսված է, որ դասընթացի միջոցով մասնակիցները կծանոթանան CV-ի եւ ռեզյումեի դերին աշխատանք փնտրողի եւ գործատուի համար, CV-ի կառուցվածքին, ինչպես նաեւ գրագետ CV կազմելու քայլերի հաջորդականությանը, այն կետերին, որոնց ավելի շատ են ուշադրություն դարձնում գործատուները, եւ CV կազմելիս տարածված սխալները: Մասնակիցներին կներկայացվեն նաեւ CV-ի կառուցվածքը, ցանկալի տեսքը եւ ծավալը, կբերվեն տարբեր CV-ների օրինակներ, այնուհետեւ մասնակիցները կբաժանվեն թիմերի եւ կպատրաստեն CV-ներ:



Դասընթացի միջոցով նախատեսվում է նաեւ մասնակիցներին փոխանցել էլեկտրոնային նամակագրություն վարելու, գործատուին ճիշտ ներկայանալու հմտություններ, ինչպես նաեւ աշխատանքային օրենսդրության հիմնական դրույթների եւ գործատու-աշխատող իրավահարաբերությունների կանոնակարգման առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկատվություն:



Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին կտրվեն մասնակցության վկայականներ, կբաժանվեն «Գրագետ ռեզյումե կազմելու եւ աշխատանքի ընդունման հարցազրույցին պատշաճ ներկայանալու» ուղեցույցներ։