Նյութը՝ Զարուհի Ասկարյանի, Իսպանիանում «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի» կամավոր
Լուսանկարները՝ Զարուհի Ասկարյանի
Տեղադրվել է 25-04-2018
Ես կամավոր եմ Իսպանիայում
ԵԿԾ (EVS)... կամ երբ կատարվում են երազանքները։ Այս ծրագրի մասին լսել էի բազմիցս, այն շատ էր հետաքրքրել ինձ եւ շատ էի ցանկանում մասնակցել։ Շատ փորձեր արեցի, շատ տեղեր դիմեցի եւ վերջապես հրավեր ստացա Իսպանիայից՝ Պոնտեվեդրա քաղաքից։

Այն, ինչ շատ անգամ լսել էի Իսպանիայի եւ իսպանացիների  մասին, իրոք, համապատասխանում է իրականությանը. այստեղ ինձ զգում եմ, ինչպես տանը, քանի որ մարդիկ շատ ջերմ են եւ բարյացակամ, երբ պատահական մարդու հարցնում ես, թե ինչպես հասնել տվյալ վայրը, ապա նա կարող է թողնել իր բոլոր գործերը, գալ եւ ուղեկցել քեզ, կամ սուպերմարկետում  հարցնում ես ապրանքի տեղը, եւ մարդը, թողնելով իր առեւտուրը, գալիս է եւ պատմում տվյալ ապրանքի, տեսականիների մասին եւ խորհուրդ տալիս, թե որը գնել։ Այս ամենը, իհարկե, օգնում է շուտ ինտեգրվել նոր մշակույթին։

Ինչ վերաբերում է նախագծին, ապա կարող եմ ասել, որ ամեն օր գրելով տարբեր նյութեր, կատարելով թարգմանություններ՝ օր օրի կարողանում եմ հաղթահարել իմ լեզվական պատնեշները, եւ դա հաղորդում է ինքնավստահություն՝ իհարկե այդ ամենն իմ սիրելի կոլեգաների օգնությամբ։

Դեռ մեկ ամիսը չի լրացել, ինչ այստեղ եմ՝ Պոնտեվեդրայում, բայց իմ մեջ արդեն նկատել եմ փոփոխություններ. դարձել եմ ավելի ինքնուրույն, ինքնավստահ։ Վստահ եմ՝ այստեղի իմ փորձը դրական ազդեցություն կունենա իմ կյանքի վրա։