Նյութը՝ Դավիթ Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 16-04-2018
Հարութ Բալյանը երեւանյան մենահամերգի ընթացքում կներկայացնի նաեւ նոր երգեր
Ամերիկահայ սիրված երգիչ Հարութ Բալյանն իր երեւանյան մենահամերգին ներկայացնելու է հին ու սիրված, ինչպես նաեւ բազմաթիվ նոր երգեր:
Արտիստը, ով վերջին անգամ հայրենիքում մենահամերգով հանդես է եկել 2010-ին, անհամբեր սպասում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հունիսի 15-ին՝ ժամը 19:00-ին, կայանալիք համերգային շոուին: 

«Առաջին համերգի տպավորություններով պայմանավորված՝ որոշեցի կրկին մենահամերգով ներկայանալ իմ հայաստանաբնակ հանդիսատեսին: Մայիսի 1-ին ես արդեն Հայաստանում կլինեմ, եւ արդեն երկուսով՝ համերգի կազմակերպիչ Խաչիկ Եղոյանի հետ կաշխատենք, իրար կօգնենք: Ի դեպ, մինչ համերգը Երեւանում նոր դուետ պետք է ձայնագրեմ, որը տեսահոլովակի տեսքով կներկայացնեմ երկրպագուներիս»,-նշում է արտիստը՝ հավելելով, որ դեռեւս չի բացահայտելու այն երգչուհու անունը, ում հետ հանդես է գալու դուետով, բայց վստահեցնում է, որ անպայման հետաքրքիր համագործակցություն է սպասվում: 

Հարութ Բալյանի համերգի հատուկ հյուրերը կլինեն արտիստի լավ ընկերներ Սուպեր Սաքոն եւ DJ Sammy Flash-ը: Երեկոյին հրավիրելու է նաեւ Նունե Եսայանին: Բոլոր ելույթները կուղեկցվեն շքեղ լուսային շոուով եւ կենդանի նվագակցությամբ: 

«Հուսամ՝ ինչպես նախորդ մենահամերգին, այնպես էլ այս անգամ դահլիճը լեփ-լեցուն կլինի: Ես մեծ սիրով եմ սպասում իմ հանդիսատեսին, շատ դրական եմ տրամադրված»,- հավելում է երգիչը՝ շեշտելով, որ մեծ պատասխանատվությամբ ու լրջությամբ է մոտենում համերգի կազմակերպմանն ու իրականացմանը:

Հարութ Բալյանը ծնվել է Երեւանում։ Մանկուց սիրել է երաժշտություն եւ երգ։ Տասը տարեկանում ընտանիքի հետ մեկնել է ԱՄՆ։ Երաժշտության հանդեպ սերը հետագայում վերածվում հայտնի երգիչ դառնալու երազանքի։ Վերջինս իրականանում է 24 տարեկանում՝ 2003 թ. հուլիսին, երբ ձայնագրվում է նրա առաջին ալբոմը։ 

Հավելենք, որ համերգի կազմակերպիչներն են «YEGHOYAN Production»-ը եւ «HB productions»-ը: