Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 12-04-2018
Քննարկման կենտրոնում ուսանողների մասնագիտական հարցն էր
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) Հայ-ռուսական համալսարանի հետ կազմակերպեց երիտասարդ դասախոսների, ուսանողների եւ ՄՈՒՀ-երի կարիերայի կենտրոնների պատասխանատուների աշխատաժողով։



Հանդիպման ընթացքում ուսանողները, երիտասարդ  դասախոսները եւ կարիերայի պատասխանատուները քննարկեցին, թե ուսման ընթացքում ուսանողները որքանով են կայանում որպես մասնագետ, եւ ի՞նչն է պակասում բուհում մասնագիտական կայացման համար։



Ողջույնի խոսք հղելով աշխատաժողովի մասնակիցներին՝ ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշեց, որ չափազանց կարեւոր է, որ մասնագետներից, մեծահասակներից բացի՝ ուսանողները եւս քննարկեն իրենց խնդիրները եւ բարձրաձայնեն դրանք: Այդ նպատակն է հետապնդում թե՛ ՈԱԱԿ  «Ուսանողության ձայն» ծրագրի գործունեությունը, թե՛ այսօրվա աշխատաժողովը: 



Ռուբեն Թոփչյանն իր խոսքում ընդգծեց նաեւ՝ որպեսզի աշակերտը դառնա մասնագետ, պետք է ժամանակ․ «Ծախսել 4- 6 տարի միայն նրան կրթված մարդ դարձնելու համար կարծում եմ՝ շատ է, եւ այդ տարիների ընթացքում կարելի է ուսանողին տանել առաջ որպես մասնագետ, քանի որ բուհական տարիները հենց դրա համար են»։



Միջոցառման ընթացքում քննարկվեցին, թե ինչպես հիմքեր ստեղծել երիտասարդ դասախոսների, ուսանողների, գործատուների եւ կարիերայի կենտրոնների շարունակական հաղորդակցության ապահովման համար։ 

ՀՀ գիտության եւ կրթության փոխնախարար Վահրամ Մկրտչյանն էլ ներկաների հետ քննարկեց նոր օրինագիծը, որը, ըստ բանախոսի, շատ բան կարող է փոխել բուհական կյանքում․ «Վստահեցնում եմ, որ բարձրագույն կրթության մասին օրենքը, որն արդեն շրջանառվում է, եւ այսօր արդեն Ազգային ժողովում է, լուծելու է այն հիմնախնդիրները, որոնք ծառացած են համակարգի առջեւ»։



Խոսելով հիմնախնդիրների մասին՝ փոխնախարարն առանձնացրեց դրանցից մեկը, որն է՝ կրթական եռանկյունին՝ կրթություն, գիտություն եւ տնտեսություն կապը։

Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, ով մշտապես շփվում է ուսանողների հետ, առիթը բաց չթողնելով, ուսանողներին խորհուրդ տվեց հավատարիմ լինել համառությանը, հավատալ սեփական ճանապարհին եւ անելիքներին։



Ի դեպ, ապրիլի 16-17-ին կկայանա «Կրթություն եւ մասնագետ. մասնագիտական կրթությունն այսօր եւ վաղը» խորագրով համաժողովը, որտեղ աշխատաշուկայում որակավորումների ճանաչման խնդիրը կքննարկեն բուհերի ու քոլեջների ներկայացուցիչները, կրթության որակի ապահովման տեղացի ու միջազգային մասնագետները: