Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 11-04-2018
«Կրթություն եւ կարիերա EXPO 2018»-ին մասնակցում են 80-ից ավելի կրթական հաստատություններ ու կազմակերպություններ
80-ից ավելի կրթօջախներ՝ բուհեր, քոլեջներ, ուսումնական կենտրոններ, եւ միջազգային դոնոր կազմակերպություններ Հայաստանից, Ռուսաստանից, Լատվիայից, Լեհաստանից ապրիլի 11-13-ը մասնակցում են «Կրթություն եւ կարիերա EXPO 2018» 18-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին:

Եռօրյա իրադարձությունն անցկացվում է Երեւանում՝ «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 11-ին:

Միջոցառման կազմակերպիչ «Լոգոս Էքսպո»-ի գլխավոր տնօրեն Սուրեն Նազինյանը Eritasard.am-ի հետ զրույցում նշեց, որ ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել կրթօջախները, բարձրագույն, միջին մասնագիտական կրթությունը:

«Մասնակցում է ավելի քան 80 կազմակերպություն 4 երկրներից: Նախորդ ցուցահանդեսների համեմատ՝ այս անգամ ավելացել է մասնակից կազմակերպությունների թիվը, մոտ 20 տոկոս աճ է նկատվում: Տարեցտարի մենք աճի միտում ենք տեսնում: Սպասում ենք, որ ցուցահանդեսին շատ մասնակիցներ կլինեն»,- նշեց Սուրեն Նազինյանը: 

Նրա խոսքով՝ էքսպոյի ծրագիրը բավականին հագեցած է. կանցկացվեն սեմինարներ, վարպետության դասեր եւ այլն: 

Նշենք, որ ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ: Հիմնական թեմատիկ բաժիններն են՝ բարձրագույն կրթություն եւ ակադեմիաներ, համալսարաններ, ինստիտուտներ, միջին մասնագիտացված կրթություն եւ քոլեջներ, ուսումնարաններ, վարժարաններ, կադրերի վերապատրաստում, շարունակական կրթություն, օտար լեզուներ, ուսուցումը արտասահմանում, փոխանակման ծրագրեր, միջազգային կազմակերպություններ եւ այլն: Հատկանշական է, որ գործում է նաեւ աշխատանքի տոնավաճառ, այնպես որ աշխատանք փնտրողների համար եւս հարթակ է ստեղծվել: 

Պատկերասրահ՝ Կրթություն եւ կարիերա EXPO - 2018