Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 11-04-2018
Նոր կամերատայի համերգը՝ նվիրված Տիգրան Մանսուրյանին
Ապրիլի 10-ին կայացավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀԱՖՆ) Նոր կամերատայի համերգը՝ նվիրված ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին:

Համերգային ծրագրում հնչեցին Գոռ Հովհաննիսյանի, Տիգրան Մանսուրյանի եւ Ֆրանց Շուբերտի ստեղծագործություններից՝ Աննա Մարգարյանի (ջութակ), Իվետա Կորկինայի (ջութակ), Գոռ Հովհաննիսյանի (ալտ), Միքայել Նավասարդյանի (թավջութակ), Արմինե Պետրոսյանի (թավջութակ), Նաիրա Իսրայելյանի (դաշնամուր) կատարմամբ: 

Գոռ Հովհաննիսյանը, կատարելով Տիգրան Մանսուրյանի ստեղծագործություններից մեկը, նշեց, որ իր համար մեծ պատիվ է, որ մաեստրոն իրեն վստահել է այդ ստեղծագործության կատարումը. «Ես իսկապես երջանիկ մարդ եմ, որ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործություններից եմ կատարում»:

Տիգրան Մանսուրյանը շնորհակալություն հայտնեց իրեն նվիրված երեկոյի կազմակերպման եւ հրավիրման համար. «Ես սիրում եմ, երբ Գոռը նվագում է, սիրում եմ, որ նա տիրապետում է գունային արվեստին: Նա տաղանդավոր երաժիշտ է, իսկ ալտը միստիկ եւ անսովոր զգացողություններ հաղորդող գործիք է»:

Մաեստրոյի խոսքով՝ Գոռ Հովհաննիսյանի կատարմամբ հնչած սոնատը լի է դրամատիզմով եւ հիշողություններով. «Սա ստեղծագործություն է, որը դրախտային հայրենիքի մասին է, այն հայրենիքի, որն ունեցել ենք, սակայն հիմա չունենք: Ես այն գրել եմ՝ ինձ պատկերացնելով այդ դրախտային հայրենիքում»:

Համերգի ընթացքում դահլիճում տիրում էր ջերմ եւ դրախտային երեկո, ինչպես մաեստրոյի ստեղծագործությունները: 

Պատկերասրահ՝ Նոր կամերատայի համերգ` նվիրված Տիգրան Մանսուրյանին