Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 07-04-2018
«ԻնՍպորտ» մարզահամալիրն իր դռները կբացի այս տարվա սեպտեմբերին
Երիտասարդների ակտիվ հանգիստը եւ ժամանցը կազմակերպելու նպատակով Զեյթուն համայնքի Պարույր Սեւակի 8/3 հասցեում կառուցվում է «ԻնՍպորտ» մարզահամալիրը:

Մարզահամալիրի կառուցապատման ընդհանուր արժեքը կազմում է 1.72 մլրդ ՀՀ դրամ, բացումը նախատեսվում է իրականացնել 2018 թ. սեպտեմբերին:

Ապրիլի 7-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ, ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը շրջայց կատարեց համալիրի տարածքում, ծանոթացավ իրականացվող աշխատանքներին: 

«ԻնՍպորտ»-ի փոխտնօրեն Սեդա Արշակյանը տեղեկացրեց, որ մարզաառողջարանային համալիրի աշխատանքների մեկնարկը տրվել է 2017 թվականի մարտի 25-ին: «Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է այս տարվա օգոստոսին: Համալիրը 120 հաճախորդի մեկ ժամում սպասարկելու հնարավորություն է ունենալու: 4 հարկանի կառույց է: Ունենք լողավազան, խմբային պարապմունքներ, յոգա, ուժային պարապմունքներ, մանկական խմբակներ, պար. այն ամենը, ինչ լինում է նմանօրինակ համալիրներում»,- նշեց Սեդա Արշակյանը: 

Նրա խոսքով՝ համալիրի ծառայություններից կարող են օգտվել բոլորը, սահմանափակումներ չկան: Սեդա Արշակյանը փաստում է՝ այդպիսի կառույցներ բացելու պահանջարկը շատ մեծ է, քանի որ մարդիկ սկսել են սպորտով զբաղվել: 

Ըստ համալիրի փոխտնօրենի՝ կառույցի գնային քաղաքականությունը հետաքրքիր է լինելու, եւ միջին վճարունակ մարդը կկարողանա օգտվել համալիրից:

Պատկերասրահ՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց «ԻնՍպորտ» մարզահամալիր