Նյութը՝ ՀԱԱՀ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից
Լուսանկարները՝ ՀԱԱՀ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից
Տեղադրվել է 01-04-2018
Գաղափարներ, որոնք արժանի են տարածման
Ծնողների դաստիարակության մեթոդների յուրահատկությունից մինչեւ բնապահպանություն ու կրթություն. այս եւ նմանատիպ խնդիրների մասին են բարձրաձայնում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողները TEDxANAU ծրագրի շրջանակում:

1980-ականներին ԱՄՆ-ում ստեղծված TED (հապավում անգլերենից՝ Technology, Entertainment and Design - տեխնոլոգիա, ժամանց եւ դիզայն) կոչվող կոնֆերանսը մարտի 30-ին անցկացվեց Ագրարային համալսարանում։ Հայաստանում համալսարանական ձեւաչափով TEDx իրականացվում է 4-րդ անգամ՝ Երեւանի պետական բժշկական համալսարանից, Հայաստանի ամերիկյան համալսարանից եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանից հետո: Միջոցառմանը ներկա էին ոչ միայն Ագրարային համալսարանի, այլեւ հայաստանյան տարբեր բուհերի ուսանողներ ու դասախոսներ, TEDx-ի մասնակցած ու մասնակցել պատրաստվող թիմեր, երիտասարդական ու կրթական  տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

TED-ի` «Գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով կազմակերպված համալսարանական կոնֆերանսը կրում էր «Կառուցելով էկոապագա» (Building Ecoship) խորագիրը: TED-ն ունի հստակ ձեւաչափ։ Զեկուցողները հաշված րոպեների ընթացքում ներկայացնում են իրենց նորարարական ու առաջադիմական մտքերը, բացահայտում նոր իրողություններ ու մարդկանց ստիպում մի փոքր այլ կերպ նայել աշխարհին: TEDxANAU-ի միջոցով աշխարհին գաղափարներ տարածողների թվում 4 խոսնակներ էին, ովքեր ներկաների հետ կիսվեցին աշխարհը փոխելու իրենց գաղափարներով:  

«Խարույկ» արշավական ակումբի հիմնադիր-տնօրեն Գեղամ Օհանյանը խոսեց բնապահպանական արդի խնդիրների եւ բնապահպանական կրթության կարեւորության մասին։ Իր ելույթի վերջում նա տպավորիչ քայլ կատարեց՝ փորձելով թունանյութ լցնել իր իսկ  աճեցրած մեկ տարեկան կիտրոնի փոքրիկ ծառի արմատին: Սակայն դահլիճը կանգնեցրեց նրան՝ միաձայն գոչելով՝ «ո՛չ»: «Հենց այս միասնական «ոչ»-ի կարիքը կա ամեն անգամ, երբ մենք տեսնում ենք, որ վնասում են բնությանը: Ամեն մեկս մեր ուժերի չափով փորձենք խոչընդոտել՝ թույլ չտալով վնասել բնությանը»,-նշեց Գ. Օհանյանը:

Ներառական կրթության փորձագետ, Երեւանի համար 20 դպրոցի հոգեբան, արտթերապեւտ Սոֆյա Հովսեփյանն էլ բարձրաձայնեց ներառական կրթության ոլորտի բացթողումների ու թերությունների մասին: Ներկայացնելով հաջողության պատմություններ՝ փորձեց առաջարկել նաեւ օբյեկտիվ լուծումներ։

Միջոցառման վերջում TEDxANAU-ի կազմակերպիչ Ժաննա Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին եւ այն անձանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել TED ձեւաչափով համաշխարհային այդ միջոցառումն Ագրարային համալսարանում անցկացնելու համար: