Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 31-03-2018
Ասմունքի հանրապետական 11-րդ մրցույթ-փառատոնը եզրափակվեց գալա համերգով
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մարտի 30-ին անցկացվեցին Ասմունքի հանրապետական 11-րդ մրցույթ-փառատոնի գալա համերգն ու մրցանակաբաշխությունը:

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ կազմակերպվող ամենամյա ասմունքի տոնն այս անգամ ունեցել է 285 հազար մասնակից Հայաստանի Հանրապետությունից, Սփյուռքից եւ Արցախից: Ի դեպ, Հովիկ Աբրահամյանը մասնակցեց գալա համերգին: 

Միջոցառման մեկնարկին դահլիճ ներս բերվեցին Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների, ինչպես նաեւ Երկրապահ կամավորականների միության դրոշները: Մեկնարկն ազդարարվեց ՀՀ պետական օրհներգով, այնուհետեւ ելույթ ունեցավ երգչուհի Շուշան Պետրոսյանը: 

Գալա համերգի ընթացքում ելույթներով հանդես եկան մրցույթ-փառատոնի հաղթողները, ովքեր ասմունքեցին հանդիսատեսի համար: Դահլիճի տեսաէկրանին ներկայացվեց 11-րդ մրցույթ-փառատոնի ընթացքը ներկայացնող տեսաշար: Եվս մեկ անգամ շեշտվեց՝ պատանիների ու երիտասարդների շրջանում գրականության ու պոեզիայի նկատմամբ հետաքրքրությունն էլ ավելի է մեծացել: Եվ սխալ է այն պնդումը, որ նոր սերնդին գրականությունը չի հետաքրքրում: 

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության անդամ Սամվել Մուրադյանը փաստում է՝ մրցութային հանձնախումբն ընտրել է լավագույններից լավագույններին: 

«Այս մրցույթ-փառատոնը վերջին ժամանակների Հայաստանի մշակութային եւ կրթական կյանքի ամենակարեւոր միջոցառումներից է: Հայ երեխան մրցում է մյուսների հետ իր մայրենիի գեղեցկությամբ»,- նշեց Սամվել Մուրադյանը: Նրա խոսքով՝ տարիներ հետո հենց այդ երեխաներն են մեր երկիրը ղեկավարելու, լինելու են Հայաստանի տերն ու տիրակալը, պաշտպանը:

Երեկոյի ընթացքում, բացի ասմունքից, հնչեցին նաեւ երաժշտական ու պարային համարներ: Ներկայացվեց նաեւ պատմական ակնարկ հայոց հաղթանակների վերաբերյալ: 

Հավելենք, որ մրցույթ-փառատոնն այս տարի նվիրված էր հայ ժողովրդի բոլոր ժամանակների ազգային-ազատագրական պայքարին եւ կրում էր «Արցախյան ազատամարտ-30» խորագիրը: 

Կազմակերպիչները փաստում են՝ մրցույթ-փառատոնը կամաց-կամաց հանրապետականից վերածվում է համահայկականի՝ ստեղծելով հայրենիք-Արցախ-Սփյուռք յուրատեսակ կամուրջ, որը հետագա տարիներին էլ ավելի է ամրապնդվելու:

Պատկերասրահ՝ Ասմունքի հանրապետական 11-րդ մրցույթ-փառատոնը