Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 28-03-2018
Ֆաբիանո Կարուանան ձեռնոց է նետում Մագնուս Կառլսենին
Բեռլինում ավարտվեց Հավակնորդների մրցաշարը, որին մասնակցող Լեւոն Արոնյանն այդպես էլ չկարողացավ շախմատային թագի իրական հավակնորդի խաղ ցուցադրել՝ գրավելով վերջին տեղը։

Հավակնորդների մրցաշարի վերջին՝ 14-րդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցն ամերիկացի Ուեսլի Սոն էր։ Երկու շախմատիստներն էլ դեռեւս մրցաշարի 10-րդ տուրից սկսած կորցրել էին իրական հավակնորդ լինելու շանսերը։ Պարտիայից առաջ հայ գրոսմայստերը կորցրել էր նաեւ մրցաշարի վերջին տեղը չզբաղեցնելու շանսը՝ առաջ թողելով մոտակա մրցակցին 1,5 միավոր։

Լեւոն Արոնյանը խաղաց սպիտակ խաղաքարերով եւ շատ արագ հասավ ոչ-ոքի արդյունքին։ Երկու կողմերի համար էլ այն ձեռնտու էր, քանի որ արդյունքը ոչինչ չէր որոշելու եւ չէր էլ ազդելու մյուս հավակնորդների վրա։ Պարտիան ավարտվեց արդեն 17-րդ քայլին։

Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը Ֆաբիանո Կարուանան միանձնյա էր գլխավորում։ Ալեքսանդր Գրիշչուկի հետ պարտիան ամերիկացին անցկացրեց սեւ խաղաքարերով, սակայն շատ վստահ խաղով առավելության հասավ մրցակցի նկատմամբ՝ մատային իրավիճակ ստեղծելով 69-րդ քայլին։ Ալեքսանդր Գրիշչուկը ստիպված հանձնվեց՝ թույլ տալով Ֆաբիանո Կարուանային ոչ միայն հաղթել, այլեւ միանձնյա գլխավորել եզրափակիչ մրցաշարային աղյուսակը։ Այսպիսով՝ ամիսներ անց Լոնդոնում շախմատային թագի համար Մագնուս Կառլսենին կդիմակայի Ֆաբիանո Կարուանան։ 1972 թ.-ից հետո Ֆաբիանո Կարուանան առաջին ամերիկացին է, որը ձեռնոց է նետում շախմատային թագի տիրակալին։ Այս ամենն արդեն շատ բանի մասին է խոսում։

Վերջին տուրում ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները մյուս առաջատարները։ Սերգեյ Կարյակին-Դին Լիրեն պարտին ավարտվեց 45-րդ քայլին։ Հատկանշական է, որ չինացի շախմատիստը մրցաշարում եւ ոչ մի պարտություն չկրեց՝ 14 պարտիաներից 13-ը ոչ-ոքի ավարտելով ու տանելով միայն մեկ հաղթանակ։

Շախրիյար Մամեդյարովը եւս ոչ-ոքի խաղաց։ Մրցակցի՝ աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ պարտիան ավարտվեց 54-րդ քայլում։

Շախմատային թագի համար պայքարը տեղի կունենա տարվա վերջին։ Նոյեմբերի 9-ից 28-ը ժամանակահատվածում Լոնդոնում 12 պարտիաներից դիմակայություն տեղի կունենա Մագնուս Կառլսենի եւ Ֆաբիանո Կարուանայի միջեւ։