Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 23-03-2018
Ֆիլմը, դեռ մեծ էկրան չբարձրացած, արդեն սիրված է ու սպասված
Երկու տարի առաջ «Deadpool» ֆիլմը դարձավ ամենաքննարկվող եւ համաշխարհային վարձույթի ոչ աննշան աշխատանքներից մեկը, սակայն ֆիլմաշարի նոր մասը, կարծես, ավելի հետաքրքիր է։

Հայհոյանքների տարափ տեղացող, հոգեկան շեղումներ ունեցող գլխավոր հերոս Ուեյդը (նրան մարմնավորում է Ռայան Ռեյնոլդսը) մեծ երազանք ունի. նա ցանկանում է դառնալ ամենից սեքսուալ բարմենը Մեյբերիում։ Բժշկական փորձարկման արդյունքում այլանդակված դեմքով հերոսի՝ մեծ էկրան վերադարձին շատերն են սպասում։ Արդեն երկու տարի է անցել այն պահից, երբ «Deadpool» ֆիլմը հայտնվեց համաշխարհային վարձույթում՝ խոստանալով վերադառնալ։

Եթե Ուեյդը խոստանում է, ապա անպայման պետք է կատարի իր տված խոստումը, անգամ եթե դա կխլի իր կյանքը, չնայած բժշկական փորձարկման արդյունքում նա անմահ է դարձել։ Եվ ահա երկու տարի անց մեծ էկրանին կլինի խելացնոր սուպերհերոսի մասին նոր ֆիլմը։

«Deadpool 2» ֆիլմի նոր թրեյլերը արդեն հայտնվել է համացանցում։ Եթե առաջին ֆիլմում գլխավոր հերոսը հիմնականում փորձում էր իր վրա սեւեռել ամբողջ ուշադրությունը, ապա այս անգամ Ուեյդին կօգնի սուպերհերոսների սեփական թիմը՝ պայքարելով չարագործ նինձյաների, յակուձայի, ինչպես նաեւ տարօրինակ պահվածքով աչքի ընկնող շների եւ մոցարելլա պանրի հետ։

Ֆիլմը մեծ էկրանին կհայտնվի մայիսին։ Այն կցուցադրվի նաեւ Հայաստանի կինոթատրոններում։ Մինչեւ այդ առաջարկում ենք ծանոթանալ ամբողջական թրեյլերին, որը «համեմված է» ֆիլմին բնորոշ անբռնազբոս բառուբանով։