Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 22-03-2018
Մարտի 21-ը Տիկնիկային թատրոնի միջազգային օրն է
Տիկնիկային թատրոնի օրը տոնելու առաջարկ առաջին անգամ 2000 թվականին Մագդեբուրգում հնչեցվել է իրանցի տիկնիկային թատրոնի գործիչ Ջիվադա Զոլֆագարիհոյի կողմից:

Երկու տարի անց Ատլանտայում կայացած ՈՒՆԻՄԱ-ի (Union Internationale de la Marionnette, UNIMA) համաժողովին որոշվեց տիկնիկային թատրոնի օրը տոնել մարտի 21-ին: Տիկնիկային կամ խամաճիկների թատրոնների օրը նշելու ավանդույթի հիմքը դրվեց 2003 թ. մարտի 21-ին: 

Հ.Գ.: Ստորեւ ներկայացնում ենք մի շարք երկրների տիկնիկային թատրոնները:

Իսպանիա

«Լիբելուլա» տիկնիկային թատրոնն ամենահայտնիներից մեկն է Իսպանիայում: Քանի որ գյուղական համայնքներում երեխաները զուրկ են եղել ակտիվ մշակութային կյանքից, ուստի Իսպանիայի իշխանությունները որոշել են ստեղծել մի թատերախումբ, որը կլինի շրջիկ եւ ուրախություն կպատճառի գյուղերի երեխաներին: Իսպանիայում տիկնիկային թատրոններին շատ մեծ տեղ է հատկացվում: Արդեն 30 տարի է, ինչ իրականացվում է ամենամյա փառատոն: 



Ճապոնիա

«Բունրակու» թատերախումբն ամենամեծն է Ճապոնիայում: Այն առանձնանում է ավանդական ժանրով, որը ծագել է 16-րդ դարում: Ճապոնական տիկնիկային թատրոնն աշխարհում առանձնանում է իր յուրահատկությամբ եւ երաժշտական, ձայնային հարուստ էֆեկտներով: Ճապոնական տիկնիկային թատրոնը նաեւ առանձնանում է իր ժանրային առանձնահատկությամբ. գրեթե բոլոր ներկայացումներում առկա է դրամատիզմը:



Լեհաստան եւ Չեխիա

Չեխիայում տիկնիկային թատրոնը ստեղծվել է գերմանականի ազդեցությամբ: Չեխական թատրոնում կարելի էր հաճախ տեսնել լեգենդների վրա հյուսված ներկայացումներ, ինչպես նաեւ կատակերգություններ՝ համեմված դրամատիկ տարրերով: Իսկ լեհական տիկնիկային թատրոնն առանձնանում է իր դրական եւ կատակերգական ներկայացումներով:  

Հնդկաստան

Հնդկական տիկնիկային թատրոնի նկատմամբ հետաքրքրություն ունեն ինչպես երեխաները, այնպես էլ մեծահասակները: Տիկնիկները հիմնականում կենդանիների տեսքով են՝ վագր, փիղ եւ այլն: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շատ ակտուալ է ստվերների թատրոնը: Այստեղ հիմնականում ցուցադրվում են աստվածների մասին պատմող ներկայացումներ:



Անգլիա

Տիկնիկային թատրոնի արվեստն Անգլիա է ներթափանցել Հոլանդիայից, Իտալիայից եւ Ֆրանսիայից: Ստեղծման սկզբնական հատվածում տիկնիկային թատրոնի եւ թատրոնի միջեւ ընթանում էր մրցակցություն: Սակայն տիկնիկային թատրոնի նկատմամբ հետաքրքրությունն առավել մեծ էր: 

Հայաստան

Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935 թ. հունիսի 1-ին: Սերգեյ Օբրազցովի դպրոց-ստուդիայի շրջանավարտ Հասմիկ Գյոզալյանի գլխավորած թատերախմբի ջանքերի շնորհիվ 1935 թ. հունիսի 5-ին թատրոնը ներկայացրեց հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի հեքիաթի հիման վրա բեմադրված իր առաջին՝ «Շունն ու կատուն» ներկայացումը:

Ներկայիս՝ Սայաթ-Նովա 4 հասցեում թատրոնը գտնվում է 1975 թ.-ից ի վեր: Թատրոնն ունի երկու բեմ՝ մեծ եւ փոքր, որոնք հագեցած են ժամանակակից լուսային եւ ձայնային սարքավորումներով: Թատրոնը հաճախ է մասնակցում միջազգային փառատոների, որոնց աշխարհագրությունը ձգվում է Հնդկաստանից մինչեւ ԱՄՆ: