Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 21-03-2018
Այսօր Նովրուզի միջազգային օրն է
Այսօր «պարսկական Ամանոր»-ն է. իրանալեզու եւ թյուրքալեզու ժողովուրդները մարտի 21-ին տոնում են Նովրուզը, որը եվրասիական մի շարք ժողովուրդների մոտ համարվում է Նոր տարվա տոն:

2009 թվականին Նովրուզի տոնը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համամարդկային մշակութային ժառանգության ցանկի մեջ, իսկ 2010 թվականի փետրվարի 23-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան մարտի 21-ը հայտարարել է Նովրուզի միջազգային օր:

Այս օրը նաեւ խորհրդանշում է գարնան առաջին օրն ու բնության զարթոնքը: Նովրուզը նշվում է իրանական, աֆղան, քուրդ ժողովուրդների կողմից եւ տարածվել է աշխարհի բազմաթիվ մասերում: 

Նովրուզը (պարսկերենից թարգմանաբար՝ նոր օր) աշխարհի ամենահին տոներից է: Այն նշում էին դեռ մ.թ.ա. 7-րդ դարում: Համարվում է, որ տոնն ունի հին իրանական ծագում՝ կապված Արեւի պաշտանմունքի եւ Զարատուշտրա մարգարեի անվան հետ: 

Նովրուզի տոնակատարությունները տեւում են 13 օր: Նովրուզի բազմադարյա տոնակատարությունների արդյունքում ձեւավորվել են մի շարք ավանդույթներ, մասնավորապես տոնից երկու շաբաթ առաջ ափսեներում ցորեն են ցանում, որի կանաչ ծիլերով զարդարում են տոնական սեղանը: Տոնական սեղանն անվանում են «խավտ սին», քանի որ սեղանին պետք է անպայման լինեն յոթ մթերք, որոնց անվանումը պետք է սկսվի արաբերենի «սին» տառով: 

Իրանում նաեւ գոյություն ունի Հաջի Ֆիրուզի ավանդույթը, ըստ որի՝ մի տղամարդ սեւացնում է երեսն ու ձեռքերը, կարմիր հագուստ հագնում՝ կարմիր գլխարկով, եւ փողոցներում իր հետ դափ կամ դահիրա է ման ածում եւ երգում, ասմունքում ու պարում՝ մարդկանց իր հետ երգացնելով եւ ծիծաղեցնելով։

Նովրուզի ժամանակ նաեւ հարազատները այցելում են միմյանց, եւ մեծերը երեխաներին դրամ են նվիրում, ընդունված է նաեւ գուշակություններ անելը: 

Նշենք, որ ավանդաբար տոնի ընթացքում Հայաստան է այցելում իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսք. մեր երկիրը իրանցի զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից է, եւ այստեղ կարելի է լիարժեք նշել այդ տոնը: