Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 15-03-2018
Համահայկական թելադրություն՝ մարտի 17-ին եւ 18-ին
Մարտի 17-ին եւ 18-ին բազմաթիվ մարդիկ՝ անկախ տարիքից, սեռից, մասնագիտությունից, թելադրության միջոցով հայոց լեզվից իրենց գիտելիքները ստուգելու հնարավորություն կունենան:

Նմանօրինակ ծրագրի ռուսերեն տարբերակը՝ «Тотальный диктант»-ը, 14 տարի համախմբում է ռուսաց լեզվի իմացությունը ստուգել ցանկացողներին: Ի դեպ, այն անց է կացվում ոչ միայն Ռուսաստանում. օրինակ՝ 2017 թվականին համընդհանուր թելադրություն գրել են աշխարհի 71 երկրներում: 

Ծրագրի հայկական տարբերակի նախաձեռնողներից է ռուսաստանաբնակ Ալինա Կոլբինան: Միտքը ծագել է, երբ հայերեն էր ուսումնասիրում. «Հայոց լեզվի առաջին դասին անցնում էինք «լ» տառը, եւ իմ ուսուցչուհին ասաց, որ կա մի գեղեցիկ բառ՝ «լոլիկ»-ը, բայց ոչ ոք այն չի օգտագործում. բոլորն ասում են «помидор»: Ես մտածեցի, որ իսկապես գեղեցիկ բառ է, ինչո՞ւ չեն կիրառում այն: Սակայն այդ ժամանակ հատուկ նշանակություն չտվեցի դրան»: 

Ալինան հետո շատ է լսել ճիշտ եւ գործնական կիրառությունների տարբերությունների մասին: «Համընդհանուր թելադրության» մասին ֆեյսբուքյան հրապարակումներում կարելի է տեսնել գրառումներ «հայտնի» լոլիկի մասին:

Հայաստանաբնակները թելադրություն գրելու հնարավորություն կունենան Երեւանում, Գյումրիում, Դիլիջանում, իսկ ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները՝ նաեւ Մոսկվայում: Այս պահի դրությամբ հայտ է լրացրել մոտ 400 հոգի: Աշխատանքների պատասխանները մասնակիցները էլ. փոստի միջոցով կստանան թելադրություն գրելուց հետո՝ 2 շաբաթվա ընթացքում: Ծրագրին կարելի է մասնակցել նաեւ անանուն:

Անցկացման մանրամասները տրված են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Թելադրություն» էջում: Կազմակերպիչները զվարճալի հրապարակումներ են անում, կոչ անում մասնակցել նախաձեռնությանը: Փոքրիկ մրցույթ էլ են նախատեսել. պետք է հիշել մեր առօրյա խոսքում տարածված օտար որեւէ բառ, պատրաստել պաստառ, գրել կարգախոս (օրինակ` «Ես_սիրում եմ_լոլիկը»): Այնուհետեւ անհրաժեշտ է պաստառով նկարը տեղադրել ֆեյսբուքյան էջում՝ օգտագործելով «#թելադրություն», «#փրկել_լոլիկը» կամ «#փրկելով...» հեշթեգները: Ամենաստեղծագործ գաղափարների հեղինակները մրցանակներ կստանան «Այլ կերպ»-ի եւ «Բուկինիստ» գրախանութի կողմից: