Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 14-03-2018
Վրուբելի գտնված նկարը նորից կցուցադրվի
Ռուս նկարիչ Միխայիլ Վրուբելի «Դեւը եւ Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարը 22 տարի անց կրկին Երեւանի ռուսական արվեստի թանգարանում է:



1995 թվականին գողացված ստեղծագործության հայտնաբերման եւ Հայաստան վերադարձի մասին 2017 թվականին հայտնել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նկարից 2 տասնյակ տարի լուր չունենալուց հետո այն գտել էին մասնատված: Տրետյակովյան պատկերասրահի աշխատակցի 8-ամսյա համառ ջանքերի շնորհիվ նկարը վերադարձել է նախկին տեսքին:



«Այն տեսքը, որով մեզ հասավ, արցունքներ հոսեցրեց. բառացիորեն միլիմետրանոց կտորներ էին` շատ մեծ քանակությամբ: Պետք էր այնպես անել, որ ոչ մի վնաս չհասցնեինք»,- նշեց նկարի վերականգնող Իննա Սոլովովան՝ հավելելով, որ պատկերը կտրատված չէր, այլ կարծես վրան ծանր բան դրված լիներ: 



Արվեստասերները մարտի 20-ից հնարավորություն կունենան ներկա լինելու «Գողացված «Վրուբելի» վերադարձը» ցուցահանդեսին, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 20-ը: Այն ներկայացնում է նկարի ստեղծման պատմությունը: Ցուցադրությունում օգտագործված են ձեւավորման հատուկ լուծումներ եւ արդիական տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորություններ:



ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի կարծիքով՝ նկարի վերադարձն աստվածային, հրեշտակային նվեր է թանգարանին. «Այս նկարը կարծես հայտնություն եղավ մեզ համար, որովհետեւ դրանով այս տարի փորձելու ենք արժեւորել այս հրաշալի թանգարանի գործառույթները, հավաքածուն, այս պատմության եւ նկարի միջոցով թանգարանը ավելի հասանելի դարձնել ե՛ւ ՀՀ քաղաքացիների, ե՛ւ Հայաստան եկած զբոսաշրջիկների համար»:



Նկարի վերականգնողին ու Տրետյակովյան պատկերասրահի տնօրենին շնորհվեց Մշակույթի նախարարության բարձրագույն պարգեւը՝ ոսկե մեդալը:



Վրուբելի նկարի վերադարձի առթիվ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Լերմոնտով-Ռուբինշտեյն-Վրուբել» գրական-երաժշտական ներկայացում:



1890-ականներին ստեղծված գծանկարը Միխայիլ Լերմոնտովի «Դեւը» պոեմի նկարազարդումներից է: Այն ստեղծվել է բանաստեղծի մահվան 50-ամյա տարելիցի առթիվ:



Նկարը եղել է բալետի պրիմա-պարուհի Եկատերինա Գելցերի հավաքածուում: Հետագայում այն ձեռք է բերել մասնագիտությամբ բժիշկ, պրոֆեսոր Արամ Աբրահամյանը: Վերջինս Երեւանի ռուսական արվեստի թանգարանի հիմնադիրն է: