Նյութը՝ Դավիթ Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 10-03-2018
Թամարա Գվերդցիթելի. «Վերադարձ»
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ներկայացնում է Թամարա Գվերդցիթելիի մենահամերգը՝ «Վերադարձ» խորագրով:

Ռուսաստանի եւ Վրաստանի ժողովրդական արտիստ, երգչուհի, երգահան եւ դերասանուհի, բազմաթիվ միջազգային մրցույթների մրցանակակիր Թամարա Գվերդցիթելին ապրիլի 12-ին՝ ժամը 19-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա յուրօրինակ մենահամերգով:

Հայ հանդիսատեսը երգչուհու՝ կենդանի հնչողությամբ եւ նրա իսկ նվագախմբի նվագակցությամբ կատարումները վայելելու հնարավորություն կունենա: 

Թամարա Գվերդցիթելիի հրաշալի եւ հզոր ձայնը, ինչպես նաեւ երգացանկը (վրացական, ռուսական, հայկական, ֆրանսիական եւ այլն) ընդունվել եւ սիրվել է հայ հանդիսատեսի կողմից: Երգչուհին հատուկ կարեւորություն է տալիս հենց համերգային գործունեությանը, եւ նրա համերգները միշտ առանձնանում են  իմպրովիզացիոն հզոր հնարքներով:

1987 թվականից սկսած Թամարա Գվերդցիթելին ընդգրկվել է տարբեր մրցանակաբաշխություններում ու մրցույթներում՝ որպես ժյուրիի անդամ։

1991 թվականին նա հրավիրվում է Փարիզ, որտեղ ծանոթանում է հայազգի կոմպոզիտոր Միշել Լեգրանի եւ Ժան Դրեժակի հետ։ Թամարա Գվերդցիթելին ելույթ է ունեցել նաեւ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում:

Միշել Լեգրանը նրան հանդիսատեսին ներկայացրել է հետեւյալ խոսքերով՝ «Փարի՛զ, հիշի՛ր այս անունը»:  Համերգային հանդիպումները շարունակվել են նաեւ հետագայում:

2006 թվականին Միշել Լեգրանը եւ Թամարա Գվերդցիթելին ելույթ են ունենում մեծ բեմերում ՝ «The Umbrellas Of Cherbourg» եւ «Yentl Medley» կատարումներով:

Թամարա Գվերդցիթելին երգերը կատարում է ավելի քան տասը լեզուներով՝ վրացերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, անգլերեն, ուկրաիներեն, հայերեն, գերմաներեն եւ այլն: Նրա երգացանկը նաեւ հարուստ է Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններով: