Նյութը՝ Ալմիրա Նիկողոսյանի, Լեհաստանում «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի» կամավոր
Լուսանկարները՝ Ալմիրա Նիկողոսյանի
Տեղադրվել է 10-03-2018
«Շնորհակալությո՛ւն, Պավե՛լ: Թո՛ղ Աստված օրհնի քեզ եւ քո ընտանիքին»
Ամեն ինչ սկսվեց հունվարի սկզբին, երբ հեքիաթային Ավստրիայից, ուր մեկնել էի անցկացնելու ձմեռային տոնական օրերը, վերադարձա Լեհաստան:
Հենց առաջին աշխատանքային օրը հաղորդագրություն ստացա Լեհաստանում ԵԿ ծրագիրը համակարգող կազմակերպության աշխատակիցներից մեկից: Նա ինձ առաջարկում էր մասնակցել «Սուրբ Ծննդյան մեծ նվագախումբը» խորագիրը կրող բարեգործական միջոցառմանը: Չնայած հաղորդագրության բավական ընդարձակ լինելուն եւ երեխաների կենսուրախ ծիծաղի հետեւանքով առաջացած աղմուկին՝ մի քանի անգամ վերընթերցեցի այն՝ փորձելով առավելագույնս ըմբռնել դրանում իմ ունենալիք դերը: Վայրկյաններ անց եկավ վերջին հաղորդագրությունը, որում ասվում էր. «Ալմիրա՛, կցանկանա՞ս մասնակցել բարեգործական մի աճուրդի, որի «հաղթողը» կստանա հատուկ մրցանակ` քեզ հետ հանդիպում սուրճի սեղանի եւ հայկական խորտիկների շուրջ, իսկ աճուրդից գոյացած գումարը կօգտագործվի բարեգործական նպատակներով»:
 
Հաղորդագրության հեղինակը՝ Մագդան, ամենաբարի, պայծառ ու ամենադրական մարդն է, ում ճանաչել եմ իմ՝ Լեհաստանում գտնվելու հենց առաջին օրերից: Չգիտեմ, թե երբ սկսեցի անկեղծորեն սիրել այդ քնքուշ, մարդկային էակին եւ ամենաքիչն էի ուզում նրան հիասթափեցնել: Սակայն, անտարակույս, այդ առաջարկությունը ոչ սովորական էր ինձ համար՝ թերեւս որպես ավանդական ընտանիքում եւ հասարակության մեջ դաստիարակված անձնավորության. հանդիպել մեկին, ում ընդհանրապես չես ճանաչում, նրա համար ինչ-որ համեղ թխվածք պատրաստել եւ լինել հնարավորինս հաճելի զրուցակից: 
 
Այժմ մի քանի խոսք «Սուրբ Ծննդյան բարեգործական մեծ նվագախմբի» մասին: Այն Լեհաստանի ամենախոշոր, շահույթ չհետապնդող, հասարակական բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է թեթեւացնել Լեհաստանի առողջապահական խնդիրները՝ հիվանդանոցներն ու կլինիկաներն ապահովելով անհրաժեշտ բժշկական սարքավորումներով:
 
Որոշակի ուսումնասիրություն կատարելով այդ իրադարձության վերաբերյալ՝ պարզեցի, որ լեհ որոշ հայտնիներ մասնակցել են այդ տեսակ աճուրդի՝ իրենց իսկ կողմից պատրաստված հաճելի ընթրիք առաջարկելով այն մարդկանց, ովքեր պատրաստ են եղել գումար նվիրաբերելուն: 
 
Վերջապես՝ երկար-բարակ մտածելուց հետո, համաձայնեցի իմ փոքրիկ ներդրումն ունենալ այդ շատ երախտավոր եւ կարեւոր գործում: Հաջորդ օրն արդեն Մագդան իմ լուսանկարով փոքրիկ հայտարարություն պատրաստեց եւ տեղադրեց համապատասխան կայքում: Հայկական ազգային տարազով իմ լուսանկարը մի տեսակ յուրահատուկ ու խորհրդավոր երանգներ էր ամփոփում: Ամեն ինչ արված էր, իսկ առջեւում հաջորդ քայլն էր: Այդ գործընթացը մի քանի օր տեւեց, իսկ ամենավերջին օրը Լեհաստանի գրեթե բոլոր քաղաքներում բազմամարդ համերգներ տեղի ունեցան: Ամենուրեք կարելի էր հանդիպել մարդկանց, ովքեր դեմքերին, պայուսակների կամ հագուստի վրա կարմիր սրտի տեսք ունեցող «ստիկերներ» էին կրում, ինչը նշանակում էր, որ իրենք եւս անմասն չեն բարեգործական ակցիայից:

Այսպիսով, հունվարի 28-ին օնլայն աճուրդն ավարտվեց, իսկ հաղթողը Պավել Օսիպովն էր, ով ինձ հետ «հանդիպման համար վճարել էր» 365 PLN:
 
Ամենադժվար պահն էլ հանդիպմանը պատրաստվելն էր: Հաղթողի անունն իմանալուն պես միանգամից ենթադրեցի, որ միգուցե հայ է: ՍակայնԵԿԾ ընկերներս ասացին. «Ալմիրա՛, մի՛ երեւակայիր այդպիսի բան, քանզի Լեհաստանի արական սեռի ամեն երրորդ բնակչի անունը Պավել է»:
 
Այնուամենայնիվ, ես չէի սխալվում. նա զտարյուն հայ էր, ով ապրում էր Գնեզնոյում՝ Գդինյայից 300 կմ հեռու: Շուտով նա Մագդային հաղորդագրություն է ուղարկում՝ ներողություն խնդրելով, որ զբաղվածության պատճառով չի կարողանա ներկա գտնվել հանդիպմանը: Հաղորդագրության մեջ նշել էր նաեւ, որ բարձր է գնահատում իմ մասնակցությունը բարեգործական աճուրդին եւ ջերմ ողջույններ փոխանցում:

Իրարամերժ զգացմունքներն ինձ հանգիստ չէին տալիս. ես երջանիկ էի եւ տխուր միաժամանակ, հուսամ՝ կռահում եք, թե ինչու: Միակ բանը, որ մնում էր անել, էլեկտրոնային փոստով նրան իմ խորին շնորհակալություն հայտնելն էր: Ցավոք, այդ օրից ի վեր պատասխան նամակ չստացա, բայց դա այլեւս կարեւոր չէ...
 
- Շնորհակալությո՛ւն, Պավե՛լ: Թո՛ղ Աստված օրհնի քեզ եւ քո ընտանիքին: