Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 09-03-2018
Աշխարհի ամենաերիտասարդ DJ-ները. այսօր DJ-ների միջազգային օրն է
Մարտի 9-ը DJ-ների միջազգային օրն է: Այսօր ամբողջ աշխարհում յուրահատուկ կախարդական հնչյուններ ստեղծող ինքնատիպ մասնագիտության տեր մարդիկ նշում են իրենց տոնը:

Դիջեյների (DJ) միջազգային օրը տոնում են արդեն ավելի քան մեկ տասնամյակ՝ 2002 թ.-ից ի վեր։ Այս օրը սովորաբար աշխարհի տարբեր անկյուններում բնակվող DJ-ներն իրենց օրվա աշխատանքի հասույթը տրամադրում են մանկական հիմնադրամներին:

Դիջեյ բառն անգլերեն հապավում է՝ disc jockey: Դիջեյն ունկնդիրներին փոփոխված ձեւով կամ վերակատարմամբ մատուցում է ձայնագրված երաժշտություն։ Դիջեյը կարող է լինել ակումբային, եթե նա ակումբային հասարակության համար վերարտադրում է մատուցվող երաժշտությունը: Գոյություն ունեն նաեւ ռադիո դիջեյներ, ովքեր ռադիոհաղորդումների ժամանակ ընտրում եւ հանրության դատին են հանձնում ձայնագրված կատարումներ։

Հետաքրքիր փաստեր աշխարհի ամենաերիտասարդ դիջեյների մասին

Աշխարհի ամենաերիտասարդ ակումբային դիջեյը 6-ամյա փոքրիկ է: Իցուկի Մորիտան Ճապոնիայից է, 6 տարեկան է եւ արդեն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաերիտասարդ դիջեյ: Ի դեպ, փոքրիկի կատարումները տպավորիչ են: 



Արժե հիշատակել նաեւ Բրենդոն Դյուկին կամ Dextrous One-ին, ով ապրում է Կանադայում: Նա ունի իր դիջեյ ուսուցիչը: Իր դեբյուտային ելույթով հանդես է եկել ընդամենը 6 տարեկանում: 

12-ամյա Ֆեդերիկո Գարդենին՝ որպես դիջեյ, արդեն ճանաչում է ձեռք բերել Իտալիայում: Մամուլը փաստում է՝ 12 տարեկանում նա անում է անհնարինը եւ հաջորդող տարիներին անպայման հանդես է գալու աշխարհի լավագույն փառատոներին: 

Դիջեյ Ջեք Հիլը (Dj Jack Hill) 10 տարեկան է, նույնպես սահմանել է ռեկորդներ որպես ամենաերիտասարդ դիջեյ եւ արական սեռի ռադիո հաղորդավար: 

Դանթե Թոմփսոնը կամ DJ Face-ը 7 տարեկան է, լայն հասարակությանը հիացնում է իր տպավորիչ դիջեյական հնարքներով: Նրա ելույթները յութուբյան ալիքում հավաքում են ավելի քան 300 հազար դիտում: