Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 05-03-2018
100 հանդիպում՝ Չեմպիոնների լիգայում
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է հոբելյանական 100-րդ խաղն անցկացնել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգա մրցաշարում։

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում հաշված ֆուտբոլիստների է հաջողվել անցնել հոբելյանական 100 խաղի սահմանը։ Եթե այս շաբաթ Կարիմ Բենզեման մասնակցի «Պարի Սեն Ժերմենի» հետ արտագնա հանդիպմանը, ապա կդառնա ընդամենը 34-րդ ֆուտբոլիստը, որին հաջողվում է հատել 100 խաղի սահմանը։

Մարտի 6-ին Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլում ուժերը չափելու է ֆրանսիական «ՊՍԺ»-ի հետ եւ Կարիմ Բենզեմայի՝ խաղադաշտում հայտնվելը հենց մեկնարկային րոպեներից խիստ հավանական է։ Չնայած երեք շաբաթ առաջ տնային խաղում «սերուցքայինները» հաղթել էին 3-1 հաշվով, սակայն ֆրասիական ակումբն անգամ առանց վնասվածք ստացած Նեյմարի կարող է նվաճել հաջորդ փուլի ուղեգիր։

Ի դեպ, Չեմպիոնների լիգայում մինչեւ այսօր ամենից շատ՝ 166 խաղ անցկացրել է պորտուգալական «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը։ Նշյալ խաղերից 150-ը իսպանացին անցկացրել է որպես Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ։ Դարպասապահին խաղերի քանակով հաջորդում է Չավին։ Կատալոնական «Բարսենոլայի» երբեմնի փլեյմեյքերը մրցաշարում մասնակցել է 151 հանդիպման։

Մրցաշարի պատմության լավագույն ռմբարկու Քրիշտիանու Ռոնալդուն ունի 3-րդ արդյունքը։ Մինչեւ այս պահը պորտուգալացին մասնակցել է 147 խաղի։ Հատկանշական է, որ «ՊՍԺ»-ի հետ խաղին պորտուգալացին կարող է թարմացնել իր արդյունքը՝ մոտենալով եվրոպական կարիերան ավարտած Չավիին, իսկ Իկեր Կասիլյասը դեռ շանս ունի բարելավելու իր արդյունքը՝ «Լիվերպուլի» հետ «Պորտու» կազմում արտագնա խաղի մասնակցելով։