Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 01-03-2018
Eritasard.am-ը «Հայկյան 2017» մրցանակաբաշխության ընթացքում ճանաչվեց լավագույն լրատվական նախագիծ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում փետրվարի 28-ին անցկացված «Հայկյան 2017» մրցանակաբաշխության ընթացքում Eritasard.am-ը մրցանակ ստացավ «Լավագույն երիտասարդական հաղորդում, լրատվական նախագիծ» անվանակարգում: Մրցանակը ստացավ Eritasard.am առցանց պարբերականի ղեկավար Կարեն Գրիգորյանը:

Ավանդական դարձած «Հայկյան» մրցանակաբաշխության ընթացքում մրցանակների արժանացան 2017 թ. ընթացքում երիտասարդական ոլորտում իրենց լավագույնս դրսեւորած գործիչները, կառույցները, երիտասարդական ծրագրերի հեղինակները: 

Նշենք, որ «Հայկյան 2017» մրցանակներ են շնորհվել նաեւ «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին», «Ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն նախագահ», «Լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին», «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում», «Ինքնատիպ երիտասարդական նախագիծ», «Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ», «Լավագույն միջբուհական ծրագիր», «Լավագույն երիտասարդական ՀԿ Երեւան քաղաքում», «Լավագույն երիտասարդական ՀԿ մարզում», «Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր» անվանակարգերում: Ավանդական անվանակարգերից բացի՝ շնորհվել են նաեւ հատուկ մրցանակներ, որոնք մրցանակակիրներին հանձնել է Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Հատուկ մրցանակների են արժանացել «Արմենիա» հեռուստաընկերությունը` երիտասարդների շրջանում կրթադաստիարակչական մեծ դեր ունեցած «Հին արքաներ» պատմական հեռուստասերիալի համար, ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը՝ սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման եւ նվիրումի համար, Արցախի առաջին պաշտպանական շրջանի բուժծառայության պետ Գեւորգ Հարությունյանը՝ ռազմաբժշկության ոլորտում ունեցած ներդրման, թեժ գծում իր մասնագիտական աշխատանքն իրականացնելու, զինվորի եւ սպայի առողջության պահպանման ու կյանքի փրկության գործում մեծ ավանդի համար, «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությունը՝ մանկական ուղեղային կաթվածով ապրող երեխաներին ու նրանց ընտանիքներին ցուցաբերած մեծ աջակցության եւ վերականգնողական աշխատանքի համար, «Քվանտ» վարժարանի սան Ալեքսանդր Կարալյանը՝ առարկայական միջազգային օլիմպիադաներում ցուցաբերած բարձր արդյունքների համար, «Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կառույց» անվանակարգում՝ Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնը՝ Սոչիում կայացած Երիտասարդության եւ ուսանողության համաշխարհային 19-րդ փառատոնին հայաստանյան պատվիրակության մասնակցությանն աջակցելու համար, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը` Արցախի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի զարգացման գործում ունեցած ավանդի, Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության արդյունքում տուժող Արցախի խաղաղ բնակչության եւ պաշտպանության բանակի զինվորների իրավունքների պաշտպանության ուղղությամբ միջազգային հարթակներում տարվող հետեւողական աշխատանքի համար, եւ Հանրային հեռուստաընկերության «Լավ երեկո» նախագիծը՝ կարճ ժամանակում երիտասարդների շրջանում լայն ընդունելության արժանանալու եւ մեծ լսարան գրավելու համար:

Միջոցառման ավարտին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բոլոր մրցանակակիրներին, մաղթել նրանց նորանոր հաջողություններ` հույս հայտնելով, որ այսօր նրանց ստացած մրցանակները բաղադրիչներն են դառնալու հաջողությունների այն երկար շղթայի, որ երիտասարդները հետագայում էլ պետք է ունենան` ի փառս Հայաստանի եւ հայ ժողովրդի: 

«Հայկյան 2017» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար ընդունվել է մոտ 40 հայտ: Հանձնաժողովի կողմից նշված անվանակարգերում ընտրվել են լավագույնները: Միջոցառումն ուղեկցվեց համերգային ծրագրով. երեկոյի ընթացքում ելույթ ունեցան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հայտնի երգիչ-երգչուհիներ: 

Պատկերասրահ՝ «Հայկյան 2017» մրցանակաբաշխություն