Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 18-02-2018
Հայ մարզիկի դահուկները տեղ հասան
Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի դահուկները հասել են մարզիկին. նա կպատրաստվի իր ելույթին մոտակա օրերին։

Հարավային Կորեայում ընթացող Ձմեռային օլիմպիական խաղերին զավեշտալի վիճակում՝ առանց դահուկների հայտնված Աշոտ Կարապետյանի համար ուղարկված գույքը տեղ է հասել։ Այս մասին Facebook-յան էջում գրել էր Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

«Մեր մարզիկի գույքի խնդիրը լուծված է: Մեկ զույգ դահուկ եւ կոշիկ՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից, մեկ զույգ դահուկ՝ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի կողմից»,- այսպես էր գրել Գագիկ Սարգսյանը՝ տեղադրելով համապատասխան լուսանկարներ:

Հիշեցնենք, որ Ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնող լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի՝ ընկերոջից վերցրած դահուկը Փհենչհանում մարզումների ընթացքում վնասվել էր, ինչի հետեւանքով նա վերջին օրերին մարզվել չէր կարողանում։ Ավելին, եթե մի քանի օր առաջ նշվում էր, թե Աշոտ Կարապետյանը ելույթ կունենա երկու անգամ՝ փետրվարի 18-ին եւ 22-ին, ապա ներկայում արդեն վերջնականապես հստակեցվել է. լեռնադահուկորդը միայն մեկ անգամ մրցելույթ կունենա Փհենչհանում։

Ի դեպ, ՀԱՕԿ-ն արդեն հայտարարություն է տարածել, որտեղ նշված է՝ եթե կան մեղավորներ, նրանք պատասխանատվության կենթարկվեն։ ՀԱՕԿ-ից հայտնում են, որ Հարավային Կորեայից վերադառնալուց հետո Հայաստանի օլիմպիական հավաքականը կհանդիպի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ։ Կհրավիրվի ՀԱՕԿ-ի գործկոմի նիստ՝ օրեր առաջ ստեղծված իրավիճակի պատճառները վերհանելու, եւ եթե կան մեղավորներ, նրանց պատասխանատվության ենթարկելու համար: Հատկանշական է՝ գործկոմի նիստին կհրավիրվեն նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Հ.Գ.։ Փետրվարի 22-ին Երեւանի ժամանակով ժամը 05:15-ին Աշոտ Կարապետյանը ելույթ կունենա հատուկ ոլորավայրէջք մրցաձեւում։