Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 14-02-2018
Հայ օլիմպիականների մեկնարկը սպասվածից անհաջող էր
Հարավային Կորեայում մեկնարկած 23-րդ Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցեցին նաեւ Հայաստանի ներկայացուցիչները, սակայն արդյունքները որգեւորիչ չեն։

Փետրվարի 13-ին Փհենչհանում ընթացող Ձմեռային օլիմպիական խաղերում մեկնարկեցին հայ մարզիկները։ Մեր երկրի ներկայացուցիչներից առաջինը հանդես եկավ Միքայել Միքայելյանը։

Դահուկավազքի սպրինտ մրցաձեւում երիտասարդ մարզիկը ցույց տվեց 3:37.40 արդյունք։ Սա թույլ տվեց զբաղեցնել ընդամենը 72-րդ հորիզոնականը 79 դահուկորդների պայքարում։ Վերջնարդյունքը բավարար չէր որակավորման փուլը հաղթահարելու համար. անհրաժեշտ էր գրավել 1-30-րդ տեղերը, սակայն մեր դահուկորդի արդյունքը որակավորման փուլում ավելի քան 28 վրկ զիջեց առաջատարին՝ Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ռիստոմատի Հակոլային։

Միքայել Միքայելյանը ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքին հայտնել է, որ զբաղեցրած տեղի գոհ չէ, բայց ցույց տված արդյունքն է գոհացնող. «Եղանակային պայմանները շատ էին դժվարացրել աշխատանքը վազքուղում, բայց ես արեցի առավելագունը, ինչ կարող էի այս պահին: Երբ տեսա, որ 28 վայրկյան եմ պարտվել հաղթողին, չեք հավատա, բայց ուրախացա: Քայլ առ քայլ ես կբարելավեմ արդյունքներս: Ելույթս ինձ հնարավորություն է տալիս լավատես լինել ապագայի նկատմամբ: Չգիտեմ՝ ինչու, ինչ-որ արտասավոր բան էի սպասում, ինչ-որ անսպասելի բան: Բայց այստեղ ամեն ինչ սովորական է: Մարդիկ բարեհամբույր են, ժպտում են անընդհատ, եւ ինձ թվում է, թե սովորական մրցման եմ եկել»։

Դահուկային սպորտի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանի խոսքով՝ ուժեղ մրցակիցների հետ պայքարում շատ բարձր տեղ ակնկալելն իրատեսական չէ. «Հայ դահուկորդն արել է այն, ինչ կարող էր»:

Ի դեպ, Միքայել Միքայելյանի հաջորդ մեկնարկը Ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 16-ին է: Հայ դահուկորդը հանդես կգա ազատ ոճով 15 կմ մրցատարածությունում:

Փետրվարի 13-ին պետք է մեկնարկ ունենար նաեւ Հայաստանի ներկայացուցիչներից Կատյա Գալստյանը:  Դահուկորդուհին առավոտյան պետք է սկսեր պայքարը կանանց սպրինտ մրցաձեւում, սակայն չի հայտավորվել: Պատճառները չեն մեկնաբանվում։ Նա փետրվարի 15-ին հանդես կգա 10 կմ ազատ ոճ մրցաձեւում: