Նյութը՝ Հայկ Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 05-02-2018
Էլ ինչ ֆուտբոլի Աշխարհի առաջնություն առանց գարեջրի
Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլային տոնին բոլոր մարզադաշտերում թույլատրվելու է գարեջրի վաճառքը։

ՖԻՖԱ-ն պաշտոնապես հաստատել է, որ ֆուտբոլի 2018 թ.-ի Աշխարհի գավաթի խաղարակության ժամանակ կթույլատրվի գարեջրի վաճառքը խաղադաշտերում եւ ֆան-գոտիներում: Լուրը հաստատել է նաեւ Ռուսաստանի փոխվարչապետ Վիտալի Մուտկոն. «Դա կլինի ոչ միայն մարզադաշտերում, այլեւ երկրպագուների համար նախատեսված ֆան-գոտիներում։ Փորձելու ենք հնարավորինս հարմարավետ դարձնել երկրպագուների համար ֆուտբոլային խաղի բաղադրիչ դարձած գարեջրի վաճառքը»:

Հիշեցնենք, որ այս ամռանը՝ հունիսի 14-ից հուլիսի 15-ն ընկած մեկամսյա ժամանակահատվածում Ռուսաստանը 11 քաղաքներում հյուրընկալելու է ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը: Հունիսի 14-ին Ռուսաստանի հավաքականը Մոսկվայում Սաուդյան Արաբիայի ընտրանու դեմ խաղով կբացի մրցաշարը:

Խաղադաշտերում եւ ֆան-գոտիներում գարեջրի ազատ վաճառքը խնդիր էր, որը երկար ժամանակ քննարկվում էր Ռուսաստանի Դաշնության իշխանությունների եւ ՖԻՖԱ-ի ներկայացուցիչների բանակցություններում։ Դեռ անցյալ տարի եղել էր նախնական հաստատում, որ գարեջրի ազատ վաճառքը կթույլատրվի, սակայն այն միայն օրեր առաջ է հաստատվել: