Նյութը՝ Հայկ Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 27-01-2018
Էդինսոն Կավանին շրջանցեց Զլատան Իբրահիմովիչին
Ուրուգվայցին դարձել է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ակումբի պատմության լավագույն ռմբարկուն:
Փարիզյան «ՊՍԺ»-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին շաբաթ օրը ֆրանսիական «Լիգայի 1»-ի շրջանակում կայացած «Մոնպելյեի» հետ խաղում բացեց հանդիպման հաշիվը։ Դեռ մի քանի օր առաջ ուրուգվայցին կարող էր փարիզյան ակումբի ռեկորդակիրը դառնալ, սակայն միայն այս անգամ ռեկորդը արձանագրվեց (անհրաժեշտ չեղավ սպասելու Նեյմարի՝  11 մետրանոց հարվածի զիջմանը)։ Էդինսոն Կավանին այսուհետ փարիզյան գերակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է:

Հանդիպման առաջին խաղակեսում մրցակցի դարպասը գրավելով՝ ուրուգվայցին «ՊՍԺ»-ի կազմում խփեց 157-րդ գոլը եւ շրջանցեց ակումբի մեկ այլ լեգենդի՝ Զլատան Իբրահիմովիչի ռեկորդը։ Շվեդ ֆուտբոլիստը մի քանի մրցաշրջան անցկացնելով փարիզյան ակումբի կազմում դարձել էր 156 գոլի հեղինակ՝ տեղափոխվելով անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:

Հատկանշական է, որ վերոնշյալ ցուցանիշին Կավանին հասել է 229 խաղում, իսկ ահա Զլատանին 156 գոլ խփելու համար պահանջվել էր ընդամենը 180 խաղ: