Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 25-01-2018
Eritasard.am-ն արժանացավ «Գրքի ընկեր» մրցանակին
Հայաստանի Ազգային պատկերասրահի դահլիճում հունվարի 25-ին տեղի ունեցավ «Գրքի ընկեր» մրցանակաբաշխությունը՝ նվիրված «Անտարես» հրատարակչության հիմնադրման 25-ամյակին:
Այդ տարիների ընթացքում «Անտարես»-ը ծավալել է բազմաբնույթ գործունեություն՝ միտված Հայաստանում գրքի եւ հրատարակչության գործի, թարգմանչական արվեստի, ժամանակակից հայ գրողների եւ գրականության հանրայնացման, հանրահռչակման, ընթերցանության աճի խնդիրների լուծմանը:

 
Հատկապես վերջին 7 տարիների ընթացքում «Անտարես»-ի ջանքերն այդ ուղղությամբ որոշակի հաջողություններ են արձանագրել: Հրատարակվել է 1000-ից ավելի անուն գիրք, մոտ 300 թարգմանչական գիրք՝ 22 լեզուներից՝ այդ գործընթացում ներգրավելով ինչպես հայտնի թարգմանիչների, այնպես էլ դրսեւորվելու հնարավորություն է տրվել նոր անունների: 

 
Պետք է նշել, որ «Անտարես»-ը մեծ տեղ է հատկացնում նաեւ ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունների հրատարակությանն ու հանրահռչակմանը: Արդեն լույս է տեսել արդի գրողների մոտ 100 անուն գիրք, որոնցից շատերն արժանացել են գրական բարձր մրցանակների, այդ թվում՝ ՀՀ պետական եւ ՀՀ նախագահի: 



Հայաստանում վերջին տարիներին գրքին եւ գրականությանը նվիրված միջոցառումներն ունեցել են բավականին մեծ հնչեղություն եւ նպաստել գրքի ու գրականության հանրահռչակմանը: Մասնավորապես 2017 թվականին կայացել են «Գիրք նվիրելու օր», «Գրաբուս», «Գրքի երեւանյան փառատոն», «Ընթերցման օլիմպիադա», «Գրքոտ գիշեր», «Արի՛ գրքախառնվենք» եւ այլ միջոցառումներ, իսկ ժամանակակից գրողների ու արտասահմանյան հեղինակների բազմաթիվ գրքերի շնորհանդեսներ ունեցել են մեծ արձագանք: 



Եվ այդ գործում մեծ է նախեւառաջ հայաստանյան լրատվական միջոցների եւ լրագրողների դերը: Այդ միջոցառումները չէին ունենա այն հնչեղությունն ու ազդեցությունը, եթե չուղեկցվեին ԶԼՄ-ների եւ առանձին լրագրողների շահագրգիռ ու օպերատիվ լուսաբանմամբ: 



Ուստի, կարեւորելով գրքի եւ գրականության հանրահռչակումը եւ գնահատելով ԶԼՄ-ների ու լրագրողների ջանքն այդ գործում՝ «Անտարես» հրատարակչությունը, «Գրքի ինստիտուտ» մշակութային ՀԿ-ն եւ Հայաստանի մշակութային հիմնադրամը կազմակերպել էին «Գրքի ընկեր» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում պարգեւատրվեցին ՀՀ այն լրատվամիջոցները, լրագրողները, անհատներն ու կազմակերպությունները, որոնք նպաստել են Հայաստանում գրքի հանրահռչակմանը:


 
Լրագրողներին եւ լրատվամիջոցներին մրցանակները շնորհեցին «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը եւ հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը: 


 
Eritasard.am կայքը եւս արժանացավ մրցանակի՝ գրքին ու գրականությանը երիտասարդական ավյունով եւ ոգով անդրադարձների համար: 


 
Eritasard.am-ի լրագրող Հովհաննես Վարդանյանին շնորհվեց մրցանակ՝ գիրքն ու գրականությունը լավագույն լուսաբանելու  անվանակարգում: Նշենք, որ մեր գործընկեր Հովհաննեսը ներկայումս ծառայում է բանակում: 



«Անտարես» հրատարակչությունը սահմանել էր նաեւ հատուկ՝ «Գրքի դեսպան» մրցանակը, որին արժանացավ Վիգեն Բադալյանը: Մրցանակը հանձնեց Տիգրան Մանսուրյանը: 
Այսպիսով «Անտարես»-ն ամփոփեց 2017 թվականը՝ խոստանալով գրքոտ 2018 թվական: