Նյութը՝ Դավիթ Գրիգորյանից
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 06-12-2017
Ադամ Բարրոն կերգի «Հիշողության ձայնը» համերգին
Ֆրանսաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) դեկտեմբերի 7-ին Լոս Անջելեսում հանդես կգա հանրահայտ «Zipper Hall» սրահում:

«Հիշողության ձայնը» («Sound of memory») համերգային երեկոն հարգանքի տուրք է Սպիտակի երկրաշարժի զոհերին: Երկրաշարժ, որը 1988 թ. տեղի է ունեցել հենց դեկտեմբերի 7-ին: Այդ ժամանակ ծննդով գյումրեցի Բարրոն համար 37 դպրոցում էր իր եղբոր հետ…

Համերգով կնշանավորվի Ադամ Բարրոյի ամերիկյան դեբյուտը: Երեկոյի ընթացքում, որը կազմակերպել են «Հայ եմ» հիմնադրամը եւ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, հանդես կգան նաեւ սոպրանո Օվսաննա Նալբանդյանը, դաշնակահար Նաիրա Վարդանյանը եւ «Հայ եմ» կվարտետը: 

«Ինձ համար շատ կարեւոր համերգ է: Իմ առաջ նպատակ էի դրել մեկնել ԱՄՆ միայն ու միայն համերգի հրավերի դեպքում: Եվ ուրախ եմ երգել այդ հանրաճանաչ դահլիճում: Միջոցառման կազմակերպիչներից է «Հայ եմ» հիմնադրամը՝ իմաստուն Նշան Աճեմյանի ղեկավարությամբ, ում հետ ծանոթանալու բախտ ունեցա: Կվարտետի անդամներ Տիգրան Երկանյանի, Արմեն Մանգասարյանի, Սահակ Կարապետյանի, Հովիկ Հովհաննիսյանի նման պրոֆեսիոնալ երաժիշտների հետ աշխատելը երջանկություն է»,- նշում է Ադամ Բարրոն: 

Ծրագրում ներկայացված են հայ եւ եվրոպացի կոմպոզիտորների գործեր: Ադամ Բարրոն կկատարի Կոմիտասի, Կաչինիի, Պիաֆի, Բելինիի, Մասնեի, Գերշվինի եւ այլ կոմպոզիտորների գործերից: 

Նշենք, որ առաջիկայում Ադամ Բարրոն հանդես կգա նաեւ այլ ելույթներով: Բարրոն ակտիվ գործունեություն է ծավալում որպես տարաբնույթ հեղինակավոր մրցույթների ժյուրիի անդամ. նրան պարբերաբար հրավիրում են դատելու միջազգային ստուգատեսներ: 

Դեկտեմբերի 21-ին Ադամ Բարրոն հանդես կգա ամանորյա համերգով: Կհնչեն հայկական, ռուսական եւ ֆրանսիական ծննդյան երգեր: Երգիչը ելույթ կունենա Փարիզի ռուսական երգչախմբի հետ: Երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է Եկատերինա Անապոլսկայան: Համերգը տեղի կունենա Հայկական կաթոլիկ եկեղեցում:  

2018-ը եւս հարուստ կլինի համերգային ծրագրերով: Հաջորդ տարի Ադամ Բարրոն Հայաստանում կներկայանա «Ադամ Բարրոն եւ ընկերները» խորագրով համերգային ծրագրով,  ինչպես նաեւ հանդես կգա Լոնդոնում, Հռոմում, Փարիզի Աստվածամոր տաճարում՝ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգով: Փարիզում Բարրոյի նախաձեռնությամբ հեղինակավոր համերգասրահներում կնշվեն նաեւ Երեւանի 2800-ամյակը, Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը, Կոմիտասի 150-ամյակը: