Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 06-12-2017
«Առաջին սիրո երգը» ֆիլմը 60 տարեկան է
Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ «Առաջին սիրո երգը» ֆիլմի 60-ամյակին նվիրված երեկո:

60 տարի է անցել, սակայն  ֆիլմը չի կորցնում իր արդիականությունը: Դա այն ֆիլմն է, որով սերունդներ են դաստիարակվել եւ կդաստիարակվեն,  այն ֆիլմն է, որը դիտելիս յուրաքանչյուր հայի սիրտն ուժեղ բաբախում է:



Երեկոյի կազմակերպիչ Վազգեն Տեր-Հարությունյանը Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ֆիլմում երգերի կատարող Սերգեյ Դավիդյանն իր բարեկամն է, ում պատահական գտել է Մոսկվայում եւ որոշում կայացրել Երեւան ժամանելուն պես ֆիլմին եւ նրան նվիրված միջոցառում կազմակերպել: 



«Մենք ռադիոյով հարցում արեցինք, որպեսզի իմանանք՝ արդյո՞ք մարդիկ տեղյակ են երգերի կատարողի մասին, գիտե՞ն՝ ով է նա: Հարցման արդյունքները ոգեւորիչ չէին, քանի որ կային սխալ պատասխաններ: Ես համոզվեցի, որ անպայման պետք է իրականացնեմ մի ծրագիր, որով հանրությանն իրազեկենք, որ «Առաջին սիրո երգը» ֆիլմում երգում է Սերգեյ Դավիդյանը: Այդպիսով մենք բացահայտում ենք նրան»,- նշեց Վազգեն Տեր-Հարությունյանը: 



Անժելա Շողերյանը, ով երեկոյի համակազմակերպիչն էր եւ վարողը, նշեց, որ երեկոն նվիրված է Սերգեյ Դավիդյանին եւ ֆիլմի ողջ դերասանական կազմին. «Ցավոք սրտի, Սերգեյ Դավիդյանը երկար ժամանակ չի ապրել Հայաստանում, եւ գուցե դա է եղել պատճառը, որ ճանաչված չէ: Չնայած անցել է 60 տարի, սակայն ֆիլմը շատ թանկ է մեզ համար: Այն իր գաղափարով արդիական է, քանի որ շատ հայեր լքում են Հայաստանը, ոմանք չեն վերադառնում, իսկ այս ֆիլմը կարծես մի մեծ կոչ է՝ մի՛ գնացեք, մի՛ թողեք ձեր երկիրը, ձեր հողը»: 



Անժելա Շողերյանի խոսքով՝ քչերը գիտեն, որ ֆիլմը սկզբում կոչվել է «Նոր տուն», իսկ երբ նկարահանվել է երկրորդ անգամ, կոչվել է «Առաջին սիրո երգը»: 

Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին ֆիլմից հատվածներ, ինչպես նաեւ ֆիլմի մասին պատմող տեսանյութեր: Նշենք, որ երաժշտության հեղինակն Առնո Բաբաջանյանն է, իսկ խոսքերի հեղինակը՝ Հովհաննես Ղուկասյանը: 

<iframe width="555" height="370" src="https://www.youtube.com/embed/ZCxeC4IZrx8?ecver=1" frameborder="0" gesture="media" allow="encrypted-media" allowfullscreen></iframe>