Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 05-12-2017
5 ֆիլմեր, որոնք դեկտեմբերին պետք է դիտել հայաստանյան կինոթատրոններում
Ձմռան առաջին ամիսը հարուստ կլինի կինոպրեմիերաներով: Երեւանյան կինոթատրոններում դեկտեմբերին կարող եք դիտել ինքնատիպ, յուրահատուկ ու սպասված կինոնկարներ:

Eritasard.am-ը, «Մոսկվա», «Կինոպարկ» եւ «Սինեմասթար» կինոթատրոնների տրամադրած տվյալների համաձայն, առանձնացրել է ամսվա 5 ուշագրավ կինոնկարները: 


«Շատ վատ մայրիկները 2» (հայաստանյան կինոթատրոններում՝ դեկտեմբերի 7-ից)

«Շատ վատ մայրիկները» վերադառնում են: Ջոն Լուկասի եւ Սքոթ Մուրի ամանորյա ֆիլմը նախորդ կինոնկարի շարունակությունն է: Երեք կանայք պատրաստվում են Ամանորին: Ու կարծես թե առաջիկայում ոչինչ չի սպասվում, սակայն հանկարծ հայտնվում են նրանց մայրերը: Հերոսուհիներն այնքան էլ ուրախ չեն, բայց ի՞նչ արած...

Դերերում՝ Միլա Քունիս, Քրիսթեն Բել, Քեթրին Հան եւ այլք: 


«Վիկտորիան եւ Աբդուլը» (հայաստանյան կինոթատրոններում՝ դեկտեմբերի 14-ից)

18 տարեկանում Վիկտորիան դարձավ Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի թագուհի: Թագավորական պալատում թագուհու հպատակներից էր Աբդուլ Քարիմը, ով, հայտնվելով չգիտես որտեղից, դարձել էր պալատի ամենամեծ կշիռ ունեցող մարդկանցից մեկը: Վիկտորիայի եւ Աբդուլի հարաբերությունները բոլորի քննարկման առարկան էին…

Ռեժիսոր՝ Սթիվեն Ֆրիրզա:
Դերերում՝ Ջուդի Դենչ, Ալի Ֆազար, Սայմոն Քելոու եւ այլք: 


«Աստղային պատերազմներ. վերջին ջեդայները» (հայաստանյան կինոթատրոններում՝ դեկտեմբերի 14-ից)

Լեգենդար դարձած ու սիրված կինոսագան վերադառնում է: Լույսի եւ խավարի, բարու եւ չարի դիմակայության մասին նոր պատմությունը սկսվում է Հան Սոլոյի մահից հետո: Գալակտիկայում, որտեղ Առաջին Օրդենը եւ Դիմադրությունը կատաղի պայքարում են միմյանց դեմ, հերոսուհի Ռեյն իր մեջ արթնացրել է Ուժը: Սակայն ի՞նչ կպատահի, երբ նա հանդիպի վերջին կենդանի մնացած ջեդային՝ Լյուկ Սքայուոքերին: 

Ռեժիսոր՝ Ռայան Ջոնսոն:
Դերերում՝ Մարք Համիլ, Դեյզի Ռիդլի, Օսքար Այզեք եւ այլք: 


«Ֆերդինանդ» (հայաստանյան կինոթատրոններում՝ դեկտեմբերի 21-ից)

Հերթական բարի ու դրական պատմությունը ոչ միայն փոքրիկների, այլեւ անիմացիայի սիրահար մեծերի համար: Ֆերդինանդն Իսպանիայի ամենաբարի ցուլն է: Չնայած իր չափսերին ու ուժին՝ նա միշտ երազել է պարզապես նստել ու հիանալ ծաղիկներով եւ չընդհարվել այլ ցլերի հետ: Սակայն Ֆերդինանդը ստիպված է Մադրիդում մասնակցել ցլամարտի…

Ռեժիսոր՝ Կարլուս Սալդանյա: 


«Ջումանջի: Ջունգլիների կանչը» (հայաստանյան կինոթատրոններում՝ դեկտեմբերի 21-ից)

Չորս դեռահասներ հայտնվում են «Ջումանջի» խաղի մեջ: Նրանց սպասում է ընդհարում ռնգեղջյուրների, սեւ մամբաների հետ, իսկ ամեն քայլին նրանց սպառնում են անթիվ ծուղակները եւ գլուխկոտրուկները: Որպեսզի հաղթահարեն խաղը եւ կենդանի մնան, նրանք պետք է մարմնավորեն իրենց խաղային կերպարներին. վախկոտ եւ ամաչկոտ Սփենսերը վերածվում է խիզախ եւ ուժեղ հետախույզի, աժդահա Ֆրիջը՝ կարճահասակի, նորաձեւ եւ գեղեցկուհի Բեթանին՝ պրոֆեսորի, իսկ անփույթ եւ անճոռնի Մարթան վերածվում է անվախ եւ ճարպիկ ամազոնուհու: Ընկերները պետք է սովորեն իրենց նոր եւ այդքան անսովոր դերերին ու գտնեն տուն վերադառնալու ճանապարհը:

Ռեժիսոր՝ Ջեյք Քեզդան:
Դերերում՝ Դուեյն Ջոնսոն, Ալեքս Վուլֆ, Նիք Ջոնաս եւ այլք: