Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 04-12-2017
Ինքնատիպ աշխատանքների ցուցահանդես-վաճառք՝ Երեւանում
Դեկտեմբերի 2-ին եւ 3-ին «Հոդված 3» ակումբում «Արեւածաղիկ» թիմը կազմակերպել էր ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որի ժամանակ մի շարք վարպետներ ներկայացրեցին իրենց աշխատանքները։

Ձեռագործ աշխատանքներ, բնական քարերով պատրաստված զարդեր, գործած խաղալիքներ․յուրաքանչյուր տաղավարի մոտ կարելի էր հիանալ ինքնատիպ եւ անչափ յուրահատուկ աշխատանքներով։

Երկար ժամանակ է, ինչ Արփինե Մաթեւոսյանը հետեւում եւ մասնակիցն է լինում նմանօրինակ ցուցահանդես-վաճառքների, սակայն դա «Արեւածաղիկ» թիմի կազմակերպած առաջին ցուցահանդես-վաճառքն էր։

«Պետք է ասել, որ մարդկանց հետաքրքրությունը ձեռագործ աշխատանքների հանդեպ բավականին մեծ է։ Այսօր ցուցահանդես-վաճառքին ներկայացնում ենք աշխատանքներ, որոնք իրենց գնային սանդղակով բավականին մատչելի են»,-մեզ հետ զրույցում նշեց կազմակերպիչ Արփինե Մաթեւոսյանը։

Նա նաեւ ընդգծեց, որ աշխատանքների հեղինակների կողմից ցուցահանդես-վաճառքների հանդեպ հետաքրքրությունը եւս մեծ է։

Սյուզին 21 տարեկան է, ձեռագործ տիկնիկներ պատրաստում  է արդեն 2 տարի. «Սիրում եմ աշխատանքը, շատ հաճելի է, մասնագիտությամբ նկարչուհի եմ, ուստի տիկնիկներին կյանք տալն ինձանից այդքան էլ հեռու չէ»։

Սյուզիի կարծիքով՝ այսօր հատկապես մեծ հետաքրքրություն կա կերպարային տիկնիկների հանդեպ, նրա աշխատանքները   ցուցադրվում եւ վաճառվում են նաեւ ՌԴ-ում։

Նմանօրինակ ցուցահանդեսները կարեոր են ոչ միայն վաճառքի տեսանկյունից, այլեւ սեփական բրենդը ներկայացնելու առումով. «Մասնակիցները կարողանում են այս կերպ ներկայացնել իրենց աշխատանքները, ինչպես նաեւ ծանոթանում են ոլորտում գործող մյուս գործընկերների հետ»։

Մեկ այլ տաղավարում կարելի էր տեսնել նաեւ փայտից պատրաստված հետաքրքիր իրեր, բրենդի անունն էլ՝ «Փայտիկ»։ Փայտից պատրաստված կենդանիներ, զարդեր, սակայն այդ ամենից զատ՝ հանրությանը հատկապես հետաքրքրում էր տաղավարում ներկայացված փայտե հեռուստացույցը։

2 օր տեւողությամբ ցուցահանդեսի ընթացքում հանրությունը հնարավորություն ունեցավ ծանոթանալու տեղական ձեռագործ աշխատանքներին, ինչպես նաեւ հասկանալու՝ որքան ինքնատիպ են հայ երիտասարդների գաղափարները։ 

Պատկերասրահ՝ Ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք