Նյութը՝ Արմինե Պողոսյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 04-12-2017
Սարերից այն կողմ, ամպերից էլ վեր
Սարերից այն կողմ, ամպերից էլ վեր... Ճանապարհն իր աղեղը թեքել է դեպի Տոնաշեն։

Նոր Կարաչինար, Դրմբոն, Նոր Էրքեջ, Մաղավուզ… Թարթառ գետն ամբողջ ճանապարհի ուղեկիցն է։ Իր գեղեցկությամբ ու ազդու տեսարանով բացվում է Սարսանգի ջրամբարը, իսկ հեռվում` բարձրում, սարերի կատարներն անհետացել են թուխ ամպերի մեջ:

Սարերից այն կողմ, ամպերից էլ վեր... Արցախի ամբողջ բուսականությունն իր բազմազանությամբ կարծես կենտրոնացել է այստեղ։ Միայն ժամանակ առ ժամանակ հանդիպում են կանաչ մեքենաները, հետո՝ նորից անտառը. աշունը շատ առատաձեռն է գտնվել ձմռանը սպասող այս հատվածի նկատմամբ: Անտառն էլ է թաղված կիսամշուշի մեջ. ծառերի արմատները մուգ կանաչ մամուռն է ծածկում։ Թարմ ու շքեղ կանաչ մամուռը մեզ` հայերիս նման փաթաթվել է իր արմատներին ու չի բաժանվում ամառ, թե ձմեռ։ Բնությունը նույնպես իր ժողովրդի նման հոգեկերտվածք է ձեռք բերել. պայքարը դարձել է ապրելու ձեւ։ Տարածությունն ու ժամանակը կորցրել են իրենց սահմանները. որտե՞ղ են սկսվում եւ որտե՞ղ ավարտվում դրանք:

Սարերից այն կողմ, ամպերից էլ վեր... Բնությունն անթերի է, կուսական... Հոգիդ ջերմանում է այդ տեսարաններից, բայց միաժամանակ սառչում. չկա մարդկային կենսակերպի որեւէ նշան՝ բացի այն նշանակետից, որտեղ տանում է անսկիզբ ու անվերջ ճանապարհը։ Թուխպը խտանում է, ամպերը ծածկել են անգամ ճանապարհը, իսկ բազմագույն անտառներն անհետացել են ներքեւում։ ՄԵՆՔ ԱՄՊԵՐԻՑ ՎԵՐ ԵՆՔ։

Կանաչ համազգեստ, կանաչագորշագույն շինություններ… Եղնիկների պաշտպաններն ամուր կանգնած են իրենց վստահված տեղերում, ուր ավարտվում է ամբողջ աշխարհը... Ավարտվում է պայմանական աշխարհի ու սկսվում անպայման իրականության սահմանը։

Այստեղ կարոտը զինվորի սրտում փշալարերով իր բույնն է հյուսել... Փշալարերը միաձուլվել են անթափանց ամպերին։ Դժվար է քայլելը, հողը թաց է, ոտքերդ կպչում են նրան. հողը սիրում է քեզ։ Բնությունն իր ներդաշնակ կանոնի մեջ է, ինչպիսին ազդեցությունն է, այնպիսին էլ հակազդեցությունն է։ Խրամատում չկան վախ ու անհանգստություն, ոչ էլ անսովորության զգացում կա։ Խրամաբջիջներում վստահ կանգնած են զինվորները` աչքերը չկտրելով դիտարկվող տարածքից...

Սարերից այն կողմ, ամպերից էլ վեր,
Ծառայելու եմ եկել Եղնիկներ,
Ուր ավարտվում է ամբողջ աշխարհը,
Ուր քարքարոտ է իմ ճանապարհը...
Այստեղ կարոտը զինվորի սրտում
Փշալարերով իր բույնն է հյուսել....


Ամբողջ ճանապարհին ուղենիշ դարձած այս տողերը չէին դադարում հնչել ականջներումս: 2015 թ. մարտի 19-ին զոհված Սամվել Հակոբյանի գրած բանաստեղծությունն է:

Մռավ լեռան շուրջ ամպերը ավելի են խտանում. երեկո է։ Բարձունքից իջնում էինք։ Ճանապարհը եւս մի անակնկալ էր պահել անսպասելի հյուրերի համար։ Դիրքերից մեկում երկու զինվորի ծննդյան տարեդարձն է: Ինչպես ժամանակն ու տարածությունն են դուրս համընդհանուր կանոնից, այնպես էլ այստեղ նշվող ծնունդներն են տարբերվող։

Կիսախավար կացարան, կոկիկ դասավորված զինվորական վերարկուներ եւ զենքեր, անկյունում դրված «դիրքի տորթ»... «Տանտերերի» աչքերում ակնհայտ ուրախություն ու հուզմունք կային։ Միակ մաղթանքն անփորձանք ծառայությունն է։ Տաք կացարանը լցվում է մեղմ երգի ձայնով։ Զինվորներն են երգում` հոգուց, անկեղծ շնորհակալության զգացումից բխած երգեր:

Մշուշն անհետացել է գիշերային խավարի մեջ։ Աստղեր կան խաղաղ երկնքում` շատ մոտ ու պայծառ` միակ լուսատուները դիրքում: Մենք իջնում ենք բարձունքից, իսկ նրանք մնում են այնտեղ` վերադառնալու խոստումով…