Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 03-12-2017
Ռուսական բանակի Ալեքսանդրովի անվան ակադեմիական անսամբլը վերականգնվել է
2016 թվականի դեկտեմբերի 25-ի առավոտյան մամուլը ողողվեց Սեւ ծովում «Տու-154» օդանավի կործանման մասին լուրերով:

Ինքնաթիռը, որի թռիչքն այդպես էլ անավարտ մնաց, մեկնում էր Սիրիա՝ ռուսական ռազմաբազայում տոնական համերգ ունենալու համար: Կործանված օդանավում ռուսական բանակի Ա. Վ. Ալեքսանդրովի անվան երգի եւ պարի ակադեմիական անսամբլի երգչախմբի անդամներն էին՝ 64 հոգի: Երգչախմբի միայն մի քանի անդամներ էին փրկվել, ովքեր չէին մեկնել այդ չարաբաստիկ չվերթով: 

Խմբի կատարողներն ու ղեկավար կազմը (Վյաչեսլավ Ումանեց, Իգոր Ռաեւսկի, Ալեքսանդր Ելովսկիխ) Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի 20-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում դեկտեմբերի 2-ին ժամանել էին Գյումրի:

Վյաչեսլավ Ումանեցի խոսքով՝ մեկ տարվա ընթացքում խումբը կարողացել է վերականգնվել, սակայն ոչինչ առաջվանը չէ եւ չի լինի. «Մենք կորցրել ենք մեր լավագույն երաժիշտներին: Գիտենք, որ աղետալի երկրաշարժից անցել է մոտ 30 տարի, եւ որքան էլ Գյումրին վերականգնվել է այս տարիների ընթացքում, միեւնույնն է, ոչինչ առաջվանը չէ, չկան մարդիկ, որոնց դուք սիրում եք, չկան հարազատ շենքերն ու շինությունները: Այդպես էլ մեր խումբը. քանի տարի էլ անցնի, համալրվենք, շատանանք, մեկ է, չկան նրանք, ովքեր լավագույններն էին թե՛ կատարողական արվեստով, թե՛ մարդկային տեսակով: Նրանք միշտ էլ կլինեն լավագույնը: Այո՛, խումբը համալրվեց այլ արտիստներով, սակայն նրանց երբեք չեն փոխարինի»: 

Վյաչեսլավ Ումանեցը նշեց նաեւ, որ Հայաստանում համերգներով հաճախ են լինում, հիմնականում՝ Գյումրիում գործող ռուսական 102-րդ ռազմաբազայում: Այդպիսով նրանք կարողանում են իրենց զինվորներին ոգեւորել եւ բարձրացնել մարտական ոգին: 

Խումբը նոր կազմով շրջագայություններով հանդես է գալու մի շարք երկրներում, իսկ դեկտեմբերի 25-ին կլինի համերգ՝ նվիրված «Տու-154» օդանավի կործանման հետեւանքով զոհված խմբի անդամների հիշատակին: