Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 03-12-2017
Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը 20 տարեկան է
Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը դեկտեմբերի 2-ին նշեց հիմնադրման 20-ամյակը:



90-ականների սկզբին  հետաղետալի Գյումրին կանգնած էր հոգեւոր ճգնաժամի եւ անհուսության առջեւ, երբ համատարած նիրհի մեջ որպես հուսո փարոս մաեստրո Լորիս Ճգնավորյանի շնորհիվ ծնվեց արվեստների կենտրոն ստեղծելու գաղափարը, եւ 1991 թ.-ին սկիզբ առավ մի աննախադեպ ուխտագնացություն: Այն Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) եւ նրա նախագահ Լուիզ Սիմոն Մանուկյանի աջակցությամբ որպես նյութական կերտվածք ավարտին հասավ 1997 թ.-ին: 



Նույն տարվա հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ Գյումրու Արվեստների ակադեմիայի հանդիսավոր բացումը, որտեղ անուրանալի է այդ ժամանակ ԵՊԿ ռեկտոր Արմեն Սմբատյանի, ՀՀ վարչապետ Արմեն Դարբինյանի, Շիրակի մարզպետ Արարատ Գոմցյանի, ՀՀ ներկայիս ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի եւ այլոց դերակատարումը: 



Անշուշտ, շենքային պայմանների ստեղծումից հետո առավել կարեւոր էր նրանում լիարժեք ուսումնական գործընթաց կազմակերպելու խնդիրը, որի լուծման գործում մեծ գնահատանքի են արժանի ԵՊՀ ԳՄ-ի առաջին ղեկավարներ Ստյոպա Խաչատրյանը, Լյուդմիլա Մելիքյանը եւ գործադիր տնօրեն Կառլեն Համբարձումյանը: 



Եվ ահա 20 տարի անց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղն ամփոփում է 20 տարիների աշխատանքը: Դեկտեմբերի 2-ին Գյումրի էին ժամանել Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի Կորսակովի անվան կոնսերվատորիայի ռեկտոր Ալեքսեյ Վասիլեւը, Վիեննայի ակադեմիայի ռեկտոր Բորիս Պերենուն, Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայի պրոռեկտոր Ալեքսանդր Բազիկովը, Թբիլիսիի կոնսերվատորիայի պրոռեկտոր Տամարա Չխեիձեն, Ալեքսանդրովի անվան երգչախմբի կատարողներն ու ղեկավար կազմը՝ Վյաչեսլավ Ումանեցը, Իգոր Ռաեւսկին, Ալեքսանդր Ելովսկիխը եւ այլք: 



Արտերկրից ժամանած հյուրերը հյուրընկալվեցին Գյումրու քաղաքապետարանում, որտեղ հանդիպում ունեցան քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ: Վերջինս Գյումրու պատմության մասին խորհրդանշական գրքեր հանձնեց հյուրերին: 



Քաղաքապետի հետ հանդիպմանը հետեւեցին Արվեստների ակադեմիայի բակում ծառատունկը եւ Կոնսերվատորիայում լրագրողների հետ հանդիպումը: 



Հյուրերին ընդունեց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Կարինե Ավդալյանը: 



Նրա խոսքով՝ աղետալի երկրաշարժը չկոտրեց գյումրեցու՝ մշակութի հանդեպ ունեցած սերը, ինչի վառ ապացույցն այսօրվա սերունդն է, որը տալիս է Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը: 



Կոնսերվատորիայի նախկին ռեկտոր Արմեն Սմբատյանը, խոսելով 20 տարիներին արված աշխատանքների մասին, նշեց. «Որեւէ մեկն այն ժամանակ չէր կարողանում հավատալ, որ մենք կունենանք նման կրթական հաստատություն, եւ ավելին՝ 20 տարի հետո կնշենք հիմնադրման 20-ամյակը: Այո՛, Գյումրին մի այլ ուժ ունի: Այստեղ մարդկային վերաբերմունքը, մոտեցումները, գյումրեցու բնավորությունը… ամեն ինչ այլ է: Այդ ամենն ամբողջացնում է Գյումրու՝ մշակութային քաղաք լինելու հանգամանքը»:



Թբիլիսիի կոնսերվատորիայի պրոռեկտոր Տամարա Չխեիձեի հավաստմամբ՝ կատարվեց իր վաղեմի երազանքը՝ այց Հայաստան, հայկական հող. «Ես շատ ուրախ եմ, որ վերջապես Հայաստան այցելեցի եւ առավել ուրախ եմ, որ նմանօրինակ իրադարձության մասնակիցը դարձա»: 



Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայի պրոռեկտոր Ալեքսանդր Բազիկովն ակադեմիայի ռեկտորի շնորհավորական ուղերձը հղեց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակի առթիվ եւ պրոֆեսոր Կարինե Ավդալյանին հանձնեց խորհրդանշական գիրք եւ մեդալ:



Օրը Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում եզրափակվեց  տոնական համերգով: Ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ Կառավարության ներկայացուցիչներ եւ պաշտոնատար այլ անձինք: 



Իրավմամբ, պետք է փաստել, որ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղն այսօր ապրում է ակտիվ ուսանողական կյանքով: Մշակութային քաղաք Գյումրին ծաղկում է եւ ծաղկեցնում…