Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 03-12-2017
Դասականի ու ժողովրդականի միաձուլում. «Նաղաշ» անսամբլը հանդես եկավ Երիտասարդական նվագախմբի հետ
«Արամ Խաչատրյան» համերգասրահում Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում դեկտեմբերի 2-ին անցկացվեց յուրահատուկ համերգ: «Նաղաշ» անսամբլը եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, դիրիժոր Ջոն Հոդյանի ղեկավարությամբ, ներկայացրին «Կարոտի երգերի» նոր՝ նվագախմբային տարբերակի համաշխարհային պրեմիերան։

«Նաղաշ» համույթի «Կարոտի երգերը» համադրում են հայկական ժողովրդական երգի հոգեւոր աշխարհը, նոր դասական երաժշտությունը, ժամանակակից պոստմինիմալիզմը եւ ռոքի ու ջազի էներգիան։ Երեք կին վոկալիստներ եւ Հայաստանի մի խումբ լավագույն երաժիշտ-կատարողներ տարբեր նվագարաններով՝ դուդուկ, ուդ, դհոլ, դաշնամուր, Երիտասարդական նվագախմբի լարային կազմի հետ ներկայացրին նոր երաժշտություն՝ հայ միջնադարյան բանաստեղծ Մկրտիչ Նաղաշի տեքստերի հիման վրա։ 

Նշենք, որ «Կարոտի երգերը» ներկայացնում են Աստծո հետ մարդու հարաբերությունների շուրջ խորը մտորումները բազմաթիվ տարիներ աքսորում ապրելու դատապարտված վանականի տեսանկյունից։

««Նաղաշ» անսամբլը՝ առկայծող մեղեդիներով եւ խորհրդավոր հակադրություններով, ունկնդրին տեղափոխում է այլ տարածություն: Երգիչների ներքին ուժը բացահայտում է երաժշտության հոգեւոր խորությունը»,- այսպես է գրում անսամբլի մասին «Frankfurter Allgemeine Zeitung»-ը: 

«Նաղաշ» անսամբլը ստեղծվել է 2010 թ. եւ ներկայացնում է նոր երաժշտություն, որը հեղինակել է կոմպոզիտոր Ջոն Հոդյանը: Հիմքում միջնադարյան պոետ ու քահանա Մկրտիչ Նաղաշի տեքստերն են: Տիգրան Մանսուրյանի խոսքով՝ ««Նաղաշ» անսամբլը ներդաշնակեցնում է հնագույն Հայաստանի երաժշտությունը՝ այն վերահայտնագործելով 21-րդ դարի համար»:  

Նշենք, որ ամերիկահայ կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար Ջոն Հոդյանի երաժշտությունը հայկական արմատների եւ դասական կոմպոզիցիայի ու ազատ իմպրովիզացիայի համադրում է։ Հոդյանը ստեղծագործում է տարբեր ժանրերում՝ դասականից ավանգարդ, ավանդականից ռոք, ջազի էլեմենտներ, եւ երբեմն զուգակցում է այդ ամենը: 

2014 թվականից անսամբլը պարբերաբար ելույթներ է ունենում Եվրոպայում. համերգներով հանդես է եկել Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Լատվիայում ու Լիտվայում: 

«Նաղաշ» անսամբլի անդամներն են Հասմիկ Բաղդասարյանը (սոպրանո), Տաթեւիկ Մովսիսյանը (սոպրանո), Արփինե Տեր-Պետրոսյանը (ալտ), Էմանուել Հովհաննիսյանը (դուդուկ, զուռնա), Արամայիս Նիկողոսյանը (ուդ), Տիգրան Հովհաննիսյանը (դհոլ, դումբեկ), Կարեն Անանյանը (դաշնամուր), Ջոն Հոդյանը (կոմպոզիտոր, դիրիժոր):

Հիշեցնենք, որ այս օրերին անցկացվող Խաչատրյանի միջազգային փառատոնը կյանքի է կոչվում ՀՀ նախագահի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ «ՎիվաՍելլ-ՄՏՍ»)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» եւ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։