Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ Հարություն Ծատրյանի
Տեղադրվել է 02-12-2017
ՀԱՊՀ-ի ուսանողներն ուժեղագույն մարզիկներ են
Երեւանի պետական համալսարանի մարզադահլիճում ամփոփվեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած Հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագիրը:

Մայր բուհի մարզադահլիճում դեռ նոյեմբերի 27-ին մեկնարկել են հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով անցկացվող բասկետբոլի մրցումները: Քառօրյա պայքարից հետո հայտնի դարձան եզրափակիչների մասնակիցները: Տղաների պայքարում եզրափակիչ դուրս եկան Շիրակի պետական համալսարանի եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմերը: Աղջիկների պայքարում գլխավոր խաղում ուժերը չափելու իրավունք ստացան Ռուս-հայկական սլավոնական համալսարանի եւ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թիմերը:

Աղջիկների թիմերի եզրափակիչը գրեթե հավասար պայքարում անցավ: Հաղթեց ՖԿՀՊԻ-ի թիմը: Երրորդ տեղը գրավեց ԵՊՀ աղջիկների թիմը:

Տղաների թիմերի եզրափակիչում ՇՊՀ-ի թիմն ուներ ահռելի առավելություն մրցակցի նկատմամբ, եւ հաղթեց ավելի քան 20 միավորի առավելությամբ: Երրորդ տեղում Հայաստանի ամերիկյան համալսարանի թիմն էր:

Բասկետբոլի առաջնությունից հետո ամփոփվեց ու վերջնական տեսք ստացավ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից առաջին անգամ անցկացվող հանրապետական ուսանողական մարզական խաղերը, որն ընդգրկում էր 6 մարզաձեւ՝ բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտզալ, սեղանի թենիս, հրաձգություն եւ հնգամարտ:

Չնայած Շիրակի պետական համալսարանի տղաների թիմը հաղթեց բասկետբոլի առաջնության եզրափակչում, սակայն ընդհանուր հաշվարկում ՇՊՀ-ն երրորդ արդյունքը ցույց տվեց: Երկրորդ տեղում Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն էր, իսկ հանրապետական ուսանողական մարզական խաղերի հաղթող դարձավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը:

Երկրորդ եւ երրորդ տեղերը գրաված թիմերին նախարարության ներկայացուցիչները մեդալներ ու հավաստագրեր հանձնեցին, իսկ փոխնախարար Գաբրիել Ղազարյանը պարգեւատրեց հաղթողներին՝ վերջիններիս փոխանցելով խորհրդանշական գավաթը եւ ոսկե մեդալներ: