Նյութը՝ Դավիթ Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 01-12-2017
«Թոփ մոդել ԱՊՀ-2017» գեղեցկության մրցույթը կանցկացվի Հայաստանում
Դեկտեմբերի 10-ին Երեւանում՝ «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում, կանցկացվի «Թոփ մոդել ԱՊՀ-2017» գեղեցկության միջազգային մրցույթը:

Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան կժամանեն 18 երկրների թոփ մոդելներ: Մեր երկիրը դեկտեմբերի 4-ից կհյուրընկալի պրոֆեսիոնալ մոդելների ԱՊՀ եւ նախկին ԽՍՀՄ տարածքից, ինչպես նաեւ Մերձբալթյան երկրներից, Ռումինիայից եւ Բուլղարիայից: Նրանք արդեն իսկ իրենց երկրներում մասնակցել են նախընտրական փուլերին եւ ճանաչվել հաղթող եւ այժմ պայքարելու են գլխավոր դափնու համար: 

Հայաստանից հեղինակավոր ստուգատեսին կմասնակցեն մոդելներ Սրբուհի Ավանեսյանը եւ Սեդա Սարգսյանը: Մոդելները, բացի բուն մրցույթից, նաեւ հնարավորություն կստանան մասնակցելու վարպետության դասերի, կկարողանան բացահայտել Հայաստանը՝ այցելելով տարբեր տեսարժան վայրեր: 

Նշենք, որ «Թոփ մոդել ԱՊՀ-2017» գեղեցկության մրցույթի նախաձեռնողները «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի կազմակերպիչներն են: Մեծամասշտաբ ծրագիրն իրականացնում են երկու բրենդային կազմակերպություններ՝ «Топ модель России» եւ «Российская красавица» համառուսական մրցույթների կազմակերպիչ «Ալեքս Գրուպ» պրոդյուսերական կենտրոնը՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ալեքսանդր Աբդուլիմովի, եւ «Միսս ԱՊՀ 2017» միջազգային մրցույթի հիմնադիր եւ կազմակերպիչ «Nairi Travel» տուրիստական գործակալությունը՝ ի դեմս տնօրեն Նաիրի Մնացականյանի:

Մրցույթի նպատակն է բացահայտել աղջիկների, ովքեր ունակ են պատշաճ եւ բարձր մակարդակով ներկայացնել ԱՊՀ երկրները համաշխարհային կինոարտադրության եւ նորաձեւության ասպարեզներում, հաղթողի համար ապահովել պրոֆեսիոնալ զարգացում եւ մասնագիտական աճ, որին կհաջորդեն հրավերներ աշխարհահռչակ մոդելային տների, տարբեր պրոդյուսերական ընկերությունների եւ կինոարտադրողների կողմից, զբաղեցնելով առաջնային դերեր տվյալ ոլորտում, ինչպես նաեւ ամրապնդել ԱՊՀ երկրների միջեւ միջազգային հարաբերությունները մոդելինգի եւ գեղեցկության ոլորտում: Միջազգային ստուգատեսի նպատակներից է նաեւ ներկայացնել հայկական արտադրության ապրանքանիշերը, ծառայությունները եւ ՀՀ շուկայում գործող ընկերությունները՝ ԱՊՀ երկրների մասշտաբով: 

Գեղեցկության մրցույթի հաղթողը կճանաչվի ԱՊՀ լավագույն թոփ մոդել ու կստանա լավագույն միջազգային մրցույթներին մասնակցելու իրավունք, նվերներ միջոցառման բազմաթիվ գործընկերների կողմից, ինչպես նաեւ ճանաչված եւ առաջադեմ գովազդային գործակալությունների գովազդներին եւ նորաձեւության ցուցադրություններին մասնակցելու հնարավորություն: 

Միջազգային ստուգատեսի ժյուրիի կազմում կլինեն 12 փորձառու մասնագետներ, 3-ը՝ Հայաստանից, 4-ը՝ Ռուսաստանից, 5-ը՝ ԱՊՀ տարածքից: 

Միջոցառմանը հրավիրված կլինեն հայտնի բլոգերներ, նորաձեւության հայտնի ամսագրերի խմբագիրներ, նորաձեւության քննադատներ, դիզայներներ եւ հայտնի աստղային դեմքեր: Հյուրերի կազմում կլինեն հայտնիներ ՌԴ-ից, ՀՀ-ից, ԱՊՀ երկրներից, կինոյի եւ էստրադայի աստղեր, արվեստի եւ նորաձեւության ոլորտի մասնագետներ:

Միջոցառման աջակիցներն են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը: