Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 01-12-2017
«Բաբի Յար»-ի հայաստանյան պրեմիերան
«Արամ Խաչատրյան» համերգասրահում նոյեմբերի 30-ին Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի ունեցավ սիմֆոնիկ համերգ, որի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ներկայացրեց հայաստանյան պրեմիերա:

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հնչեց Դմիտրի Շոստակովիչի թիվ 13 սիմֆոնիան՝ «Բաբի Յար»-ը: Վերջինիս ընթացքում նվագախմբի հետ հանդես եկան Խաչատրյանի միջազգային փառատոնի երգչախումբը (խմբավար՝ Ռադիկ Մելիքյան) եւ բաս Վլադիմիր Բայկովը: 

Բայկովը Համբուրգի պետական օպերայի մենակատարն է: Միրյամ Հելինի անվան (Հելսինկի, 1999 թ.), Մարիա Կալասի անվան (Աթենք, 2001 թ.), Սոնյա Թագուհու անվան (Օսլո, 2003 թ.), Թագուհի Էլիզաբեթի անվան (Բրյուսել, 2004 թ.) մրցույթների մրցանակակիր է: 
Վլադիմիր Բայկովը հանդես է եկել աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում՝ լավագույն դիրիժորների ղեկավարությամբ: 

«Ես Հայաստանում առաջին անգամ չեմ: Այստեղ երգել եմ 15-16 տարի առաջ, երեւի 6 անգամ վերադարձել եմ: Այս նվագախումբը հիանալի է, կեցցեն երաժիշտները: Շատ հավանեցի նրանց հետ աշխատանքը: Ամեն ինչ լավ ստացվեց: Սերգեյն էլ հիասքանչ դիրիժոր է»,- համերգից հետո նշեց Բայկովը: 

Հիշեցնենք, որ այս օրերին անցկացվող Խաչատրյանի միջազգային փառատոնը կյանքի է կոչվել ՀՀ նախագահի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ «ՎիվաՍելլ-ՄՏՍ»)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» եւ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։