Նյութը՝ «ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորում» ՀԿ-ից
Լուսանկարները՝ «ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորում» ՀԿ-ից
Տեղադրվել է 30-11-2017
«Երիտասարդության զբաղվածության ապահովման գրավականները» խորագրով դասընթացը՝ Տավուշում
Նոյեմբերի 28-ին ամփոփվեց «ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորում» ՀԿ-ի կողմից իրականացվող «Երիտասարդության զբաղվածության ապահովման գրավականները» ուսուցողական դասընթացը:

Տավուշի մարզի երիտասարդների համար կազմակերպված ուսուցողական դասընթացը աշխատաշուկայում կողմնորոշվելու եւ գործատուին ճիշտ ներկայանալու գիտելիքներ փոխանցելու նպատակով է իրականացվել։ 



Նոյեմբերի 17-ին մեկնարկած ծրագրի ընթացքում Տավուշի մարզի շուրջ 40 երիտասարդ ծանոթացել է CV կազմելու սկզբունքներին, սովորել գրագետ էլ. փոստ բացելու, էլեկտրոնային նամակներ գրելու եւ համացանցում աշխատանքի հայտարարություններ գտնելու, ինչպես նաեւ էլեկտրոնային անվտանգության կանոնները, ուսումնասիրել աշխատանքի ընդունման հարցազրույցներին ճիշտ ներկայանալու հիմնական կանոնները եւ կատարվող հիմնական սխալները, ծանոթացել աշխատանքային օրենսդրության հիմնական դրույթներին եւ գործատու-աշխատող իրավահարաբերությունների կանոնակարգման առանձնահատկություններին: Դասընթացն անցկացվել է առավելագույնս ինտերակտիվ եղանակով: Առավելագույնս ապահովվել է նաեւ պրակտիկ առաջադրանքների, պրակտիկ վարժանքների առկայությունը դասընթացի շրջանակում։ Դասընթացն ամբողջովին ոչ ֆորմալ կրթության բաղադրիչներով է իրականացվել` դրանով իսկ նպաստելով ծրագրի արդյունավետության բարձրացմանը: 



Ծրագրի շրջանակում հրատարակվել է ուղեցույց, որը նախատեսվում է տարածել նաեւ մարզի երիտասարդների շրջանում: Ակնկալվում է, որ դասընթացի մասնակիցներն իրենց ստացած գիտելիքները կփոխանցեն համայնքներում՝ իրենց ընկերների շրջանում:

Ծրագրին մասնակցած բոլոր երիտասարդներին հանձնվեցին ծրագրի մասնակցության հավաստագրեր: 

Նշենք, որ ծրագիրն իրականացվել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից ՀԿ-ներին տրվող դրամաշնորհային ծրագրի շրջանակում: