Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 30-11-2017
«100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի փորձագիտական հանձնաժողովի կազմը հաստատվեց
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում այսօր կայացավ «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի կազմկոմիտեի նիստը:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ,  կազմկոմիտեի անդամ Թամարա Թորոսյանը նշեց, որ այս տարի մրցույթը կրում է համահայկական բնույթ՝ ի տարբերություն նախորդի, որը հանրապետական էր, ինչպես նաեւ այս տարի քիչ են անվանակարգերը: 

Կազմկոմիտեի անդամները նիստի ժամանակ միաձայն քվեարկությամբ հաստատեցին «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի փորձագիտական հանձնաժողովի կազմը.

1.Գոհարիկ Գրիգորյան (ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության աշխատակազմի ինովացիոն տեխնոլոգիաների զարգացման վարչության գլխավոր մասնագետ),
2. Վահագն Ամիրխանյան (ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության աշխատակազմի ինովացիոն տեխնոլոգիաների զարգացման վարչության առաջատար մասնագետ),
3.Լեւոն Տեր- Իսահակյան (ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ),
4. Սամվել Սողոմոնյան (ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ),
5. Ալեքսանդր Բազարչյան /փոխարինող անձ` Դիանա Անդրեասյան/, (ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն),
6. Արսեն Առաքելյան (ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն),
7. Արսեն Բոբոխյան (ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող),
8.Սարգիս Հայոցյան (ՀՀ ԿԳՆ ԳՊԿ գիտական գործունեության կազմակերպման վարչության գիտական փորձաքննության կազմակերպման բաժնի պետ),
9. Արեւիկ Խնկոյան (ՀՀ ԿԳՆ ԳՊԿ գիտական գործունեության կազմակերպման վարչության գիտական արդյունքի առեւտրայնացման եւ ինովացիոն ծրագրերի բաժնի պետ):

Կազմկոմիտեի նիստին հաջորդեց փորձագիտական հանձնաժողովի հաստատված անդամների նիստը, որի ընթացքում «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Հայրապետյանը մանրամասներ ներկայացրեց մրցույթի անվանակարգերի, գնահատման չափանիշների, սանդղակի եւ փորձագիտական հանձնաժողովի գործառույթների մասին:

2017 թվականին մրցույթն անցկացվում է հետեւյալ անվանակարգերով՝ 

• Գյուղատնտեսական գիտություններ, բիոտեխնոլոգիա, 
• Կենդանի համակարգեր (բժշկություն, կենսատեխնոլոգիա, դեղագիտություն, կենսատեխնոլոգիական լուծումներ բժշկության համար, կենդանի համակարգերի հետազոտման կենսատեղեկատվական եւ համակարգչային մեթոդներ, նանոտեխնոլոգիաներ), 
• Ճշգրիտ գիտություններ (մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա, ճշգրիտ ճարտարագիտություն՝ բարձր ճշգրտությամբ կամ գիտատարության բարձր մակարդակով բնորոշվող օպտիկական, էլեկտրոնային, մեխանիկական եւ մեքենաշինական մշակումներ): 
Մրցույթի հիմնական խնդիրներն են` 
• երիտասարդական գյուտարարության, նորարարության խթանումը եւ զարգացումը, 
• երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար գործնական նշանակություն ունեցող նորարարական նախագծերի եւ գիտատեխնիկական մշակումների հայտնաբերումը եւ հնարավոր ներդրումը, 
• սոցիալական եւ հասարակական կարեւոր խնդիրների լուծման գործընթացներում հասարակական միավորումների, տնտեսվարող սուբյեկտների եւ կառավարման պետական մարմինների միջեւ բոլոր մակարդակներում համագործակցության կատարելագործումը, 
• երիտասարդության սոցիալական գործընկերության եւ փոխադարձ պատասխանատվության սկզբունքների ներդրումը պրակտիկայում: 

«100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 4-ին: Մրցույթում հաղթած նախագծերը կստանան դրամական խրախուսում: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 2000000 (երկու միլիոն) ՀՀ դրամ: «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթում հաղթած մի քանի նախագծեր 2018 թվականին կմասնակցեն Մինսկում կայանալիք «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային մրցույթին: 

Նշենք, որ մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, երիտասարդներին ներգրավել Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները: 

Պատկերասրահ՝ Հաստատվեց «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի կազմը