Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 29-11-2017
«Արքայական համերգ». կոմպոզիտոր արքաների գործերը՝ երաժշտասերներին
Հայաստանի ազգային պատկերասրահում նոյեմբերի 28-ին Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում ներկայացվեց «Արքայական համերգ» նախագիծը։

Առաջին անգամ հնչեցին տարբեր երկրների թագավորների ստեղծագործություններից՝ ՀՀ վաստակավոր գործիչ Դանիել Երաժշտի մեկնաբանմամբ։ Ստեղծագործությունների համադրումն իրականացրել է Դանիել Երաժիշտը, ով նաեւ համերգային երեկոյի բանախոսն ու դիրիժորն էր: Երեկոյի մեկնարկին նա շնորհակալություն հայտնեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին՝ խաչատրյանական փառատոնին մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար: Փառատոն, որ Հայաստան է բերում լավագույն արտիստներին, ովքեր հիանում են մեր երկրով: 

Համերգի ծրագիրը կազմված էր տարբեր ժամանակների տարբեր երկրների արքաների ստեղծագործություններից` Ֆրիդրիխ Մեծ, Տիբո IV Նավառացի, Մարգարիտ Նավառացի, Հենրի VIII, Կայսր Լեոպոլդ Առաջին:

Երեկոյի ընթացքում հնչեցին նաեւ հատվածներ Յոհան Սեբաստիան Բախի «Երաժշտական ընծա» շարքից՝ Ֆրիդրիխ Մեծի թեմայով: Դանիել Երաժիշտը փաստում է՝ Բախը երաժշտության արքայության թագավորն է, ահա թե ինչու է համերգային երեկոյին հնչում նաեւ նրա ստեղծագործությունը:

«Հայ արքաներից ինձ հայտնի չէ որեւէ ստեղծագործող, բայց հայերը յուրահատուկ իրավիճակում են ե՛ւ աշխարհագրորեն, ե՛ւ պատմականորեն, մենք դարեր շարունակ պետականություն չենք ունեցել, եկեղեցին ստանձնել է ղեկավարի դերը, եւ մեր կաթողիկոսները եղել են Հայաստանի առաջնորդ: Պարտադիր չէ, որ անունը թագավոր լինի: Օրինակ՝ Կոմիտաս կաթողիկոսը, Ներսես Շնորհալին, Աշոտ Պատրիկ Բագրատունին եւս գործեր են հեղինակել»,- նշում է Դանիել Երաժիշտը:

Երեկոյի ընթացքում հնչեցին նաեւ այդ հեղինակների գործերից: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի երաժիշտները, Յանա Մովսիսյանը (սոպրանո), Լիլիթ Ստեփանյանը (սոպրանո):

Հիշեցնենք, որ այս օրերին անցկացվող Խաչատրյանի միջազգային փառատոնը կյանքի է կոչվել ՀՀ նախագահի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ «ՎիվաՍելլ-ՄՏՍ»)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» եւ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։

Պատկերասրահ՝ «Արքայական համերգ» նախագիծը