Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 28-11-2017
«New York Times»-ի բեսթսելերը թարգմանվել է հայերեն
«Աղմկոտ լռություն». այսպես է կոչվում Շերոն Մ. Դրեյփերի նոր բեսթսելերը:

Գիրքը պատմում է տասնմեկամյա աղջնակի՝ Մելոդիի մասին, ով չի քայլում եւ չի խոսում, բայց շատ խելացի երեխա է: Իր ներսում կուտակվածը նա չի կարողանում արտահայտել, ինչն էլ ափերից հանում է աղջկան: Շուտով պարզվում է, որ կա մի բան, որն իրեն վերջապես խոսելու հնարավորություն կտա: Մելոդին ձայն ունի, բայց ոչ բոլորն են պատրաստ նրան լսելու: Հեղինակի խոսքով՝ աղջիկը հավաքական կերպար է:

«Մելոդիի կերպարը ես հորինել եմ. այն ամբողջովին մտացածին է եւ մարմնավորում է այն բազմաթիվ երեխաներին, ովքեր ունեն նույն խնդիրը: Սերը համընդհանուր է, եւ յուրաքանչյուր երեխա արժանի է սիրո եւ ցանկանում է սովորել: Գիրքը Հայաստանի ընթերցողներին հնարավորություն կտա կարդալու, ծանոթանալու մյուսների կյանքին եւ հասկանալու, թե ինչպես են սովորում մյուսները, ովքեր սովորելու տարբեր մոտեցում ունեն»,- ասաց Շերոն Մ. Դրեյփերը:

Ստեղծագործությունն արդեն հասանելի է նաեւ հայերեն: Այն հայ ընթերցողների դատին հանձնվեց նոյեմբերի 28-ին: Վիպակը թարգմանել է մասնագիտությամբ լոգոպետ Արմենուհի Ավագյանը: Պատմում է՝ «Աղմկոտ լռություն»-ն առաջին անգամ ձեռքն ընկել է 2015 թվականին, երբ ԱՄՆ-ում վերապատրաստման էր: Նրա այնտեղի խորհրդատուն գիրքը նվիրել է՝ նկատելով, որ հետաքրքրում են առանձնահատուկ հերոսներով գործերը:



«Երբ կարդացի, հասկացա, որ ես պարտավոր եմ այն հայ ընթերցողի համար հասանելի դարձնել: Թարգմանել եմ մոտ մեկ տարի: Ես՝ որպես ակադեմիական մարդ, անընդհատ թարգմանությունը տանում էի դեպի ակադեմիական բառապաշար, բայց գիրքը գրված է 10-11 տարեկան աղջնակի անունից, եւ ինձ հիշեցնում էի, որ պիտի գամ 11 տարեկան աղջկա բառապաշարին: Գիրքը լի է զգացմունքներով, եւ շատ կարեւոր էր, որ ուղղակի բառերի շարք չթարգմանեի, այլ կարողանայի ընթերցողին եւս զգացմունքներ փոխանցել: Ասում են, որ հաջողվել է դա անել»,- մեզ հետ զրույցում նշեց Արմենուհի Ավագյանը:

Գրքի բնօրինակն արժանացել է մի շարք մրցանակների: «The Columbus Dispatch» ամերիկյան օրաթերթը գրել է. «Նա, ով կարդացել է Շերոն Դրեյփերի վերջին վեպը, հավանաբար, այսուհետ անվասայլակով տեղաշարժվող երեխային կնայի այլ աչքերով»:

Շերոն Մ. Դրեյփերը մանկավարժ է, անգլերենի ուսուցիչ եւ գրող: Նա ճանաչվել է տարվա լավագույն ուսուցիչ, 5 անգամ արժանացել է Կորետա Սքոտ Քինգի գրական մրցանակին, իսկ իր գրքերի վաճառքի ծավալներով համարվում է «New York Times»-ի լավագույն վաճառվող հեղինակ:

Պատկերասրահ՝ Շերոն Մ. Դրեյփերի «Աղմկոտ լռություն» գրքի շնորհանդեսը՝