Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ ընտանեկան արխիվից
Տեղադրվել է 28-11-2017
«Խրամատից` հավերժություն». Վլադիմիր Ալիխանյան
Eritasard.am-ը շարունակում է ներկայացնել «Խրամատից` հավերժություն» հեղինակային շարքը, որը պատմում է ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհված զինծառայողների կյանքի ու սխրանքի մասին:



Այս անգամ շարքի հերոսը ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, շարքային Վլադիմիր Ալիխանյանն է: Վլադիմիրը 321 համարը կրող տանկի նշանառու-օպերատորն էր, որի անձնակազմը (հրամանատար՝ ավագ լեյտենանտ Բենիամին Մոնթե Եղոյան, մեխանիկ-վարորդ՝ շարքային Տիգրան Աբգարյան) ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ մշտական տեղակայման վայրից օգնության է շտապել ՊԲ հարավային ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներին, անթերի կատարել առաջադրված  խնդիրը՝ ապրիլի 2-3-ը ոչնչացնելով թշնամու 4 միավոր զրահատեխնիկա (3 տանկ, 1 ՀՄՄ): Ապրիլի 3-ին թշնամու կողմից խոցվել է 321 տանկը, որի անձնակազմը հերոսաբար զոհվել է: 

ՀՀ նախագահի հրամանագրով՝ շարքային Վլադիմիր Ալիխանյանը պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, ԱՀ նախագահի հրամանագրով՝ «Մարտական ծառայության» մեդալով: Արժանացել է «Հայկյան» հատուկ մրցանակի: 



«Ես ապրում եմ, թոռս՝ ոչ. սա լինելո՞ւ բան էր»


Վլադիմիր Ալիխանյանի ծննդավայր Դիլիջանում եմ: Արդեն իրիկնանում է: Քաղաքի կենտրոնում հանդիպում եմ մերօրյա հերոսի կրտսեր եղբորը՝ Սամվելին, ապա նրա ուղեկցությամբ ինձ անծանոթ ճանապարհը տանում է դեպի Թախտա կոչվող թաղամաս, ուր ծնվել ու հասակ է առել Վլադիմիրը:  

Ավտոմեքենան կանգ է առնում տներից մեկի մոտ: Վլադիմիրի հայրը՝ Վարուժան Ալիխանյանը, պատշգամբում մեզ է սպասում: Մինչ կմոտենանք նրան, դռների մոտ տեսնում եմ նաեւ տիկին Աննային, ապա տանտերերը տավուշեցուն հատուկ սրտաբացությամբ ու անմիջականությամբ, վաղուցվա ծանոթի նման ներս են հրավիրում: 

Կոկիկ, խնամքով դասավորված ոչ մեծ հյուրասենյակում հայացքս առաջինը հանդիպում է մեծադիր նկարից նայող, արդեն հավերժ զինվոր դարձած Վլադիմիրի աչքերին, ապա ողջունում եմ քիչ այն կողմ նստած Վլադիմիր պապին: 

«Թռա՜վ, գնաց տղաս, հերոսս: Ես ապրում եմ, թոռս՝ ոչ. սա լինելո՞ւ բան էր»,- հառաչում է 81-ամյա պապը, ու ես մտածում եմ, որ նրա աչքերը երեւի միշտ թաց են մնալու: 

«Ոչ միայն մարտի դաշտում, այլեւ կյանքում էլ հերոս էր»,-շարունակում է պապը: 

Իր անունը կրող թոռան հետ ոչ միայն պապ ու թոռ, այլեւ ընկերներ էին: Պապը հիշում է այն երանելի օրերը, երբ միասին աշխատում էին. «Այնքան աշխատասեր էր, ուժեղ, դիմացկուն: Երբ գնում էինք խոտ հնձելու, երեք օրվա աշխատանքը մի օրում էր կատարում: Ուշադիր ու սրտացավ էր մեծահասակների նկատմամբ, սիրված էր բոլորի կողմից»



Կարոտում էր հայրենի սարերը… 

Վլադիմիր Ալիխանյանը ծնվել է 1996 թ.-ի հունվարի 29-ին: Երբ խնդրում եմ պատմել որդու մանկության տարիների մասին, տիկին Աննան, հուզմունքը դժվարությամբ թաքցնելով, մի քանի բառ է արտաբերում՝ դժվարին, ծանր ժամանակներ էին: 

1998 թ.-ին ընտանիքը մեծ կորուստ ունեցավ. Վլադիմիրի ավագ քույրը՝ Ալիխանյանների 4-ամյա դուստրը, դժբախտ պատահարի հետեւանքով հեռացավ կյանքից՝ անչափելի վիշտ ու տառապանք թողնելով ծնողներին: Եվ այդ ցավը պիտի որդիները փարատեին՝ Վլադիմիրն ու մեկ տարի անց ծնված Սամվելը: 

«Համեստ, հանգիստ երեխաներ էին: Չեմ հիշում, որ ինձ երբեւէ զայրացրած լինեն,- պատմում է տիկին Աննան,- Վլադիմիրը սիրով մանկապարտեզ էր հաճախում, սակայն ավելի մեծ  անհամբերությամբ սպասում էր ամռանը. ամռան ամիսները տատի հետ սարերում էր անցկացնում, այդպես՝ նաեւ դպրոցական տարիներին: Շա՜տ էր սիրում բնությունը, կարոտում էր հայրենի սարերը»

Ընկերներ շատ ուներ, ու բոլորը սիրում էին նրան, սակայն լավագույն խաղընկերը եղբայրն էր: Սամվելը բակային խաղերից հիշում է հատկապես ֆուտբոլն ու վոլեյբոլը: Նաեւ մարզվում էին միասին: 

«Դպրոցում մի քիչ կռվարար էր, թեպետ բոլորը սիրում էին նրան: Որդուս ուսուցիչների, ընկերների հետ մեր կապը մինչեւ հիմա պահպանվում է»,- ժպտում է տիկին Աննան: 

9-րդ դասարանից Վլադիմիրը հաճախել է Դիլիջանի պետական քոլեջ, սովորել տնտեսագիտական բաժնում: Զինվորական ծառայությունից հետո պետք է վերադառնար ու փորձեր ընդունվել ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղ, սակայն ծառայության ընթացքում մտափոխվել էր: Հորը, իսկ ավելի հաճախ տատին պատմում էր, որ ցանկանում է շարունակել զինվորական ծառայությունը: 

«Ես ողջունում էի որդուս մտադրությունը, տատն ու հայրը՝ ոչ այնքան: Միշտ մտածել եմ, որ զինվորական ծառայությունը հենց որդուս համար է: Համազգեստով այնքան գեղեցիկ էր: Երբ արձակուրդ էր գալիս, նայում էի ու թաքուն հիանում»,-շարունակում է մայրը: 



Դիպուկ էր կրակում, խոցում բոլոր թիրախները

«Սիրով է ծառայել, թեպետ ծառայության, առավել եւս դժվարությունների մասին երբեւէ չի պատմել: Նախքան Արցախ գնալը 6 ամիս ծառայել է ուսումնական զորամասում: Ամեն կիրակի տեսակցության էինք գնում,- երանությամբ հիշում է տիկին Աննան,- այնուհետեւ ուսումնական զորամասում ծառայության ժամկետը լրանալուն պես տեղափոխվեց Արցախ՝ Վարանդա (Ֆիզուլի)»

Պատմում են, որ զորամաս հասնելուն պես սկսել է տավուշցիներ փնտրել, ապա զանգահարել է ծնողներին,  ոգեւորված պատմել, որ իրենց զորամասում հանդիպել է  զինծառայողների, ովքեր Տավուշի տարբեր բնակավայրերից են զորակոչվել: 

Ծառայության ընթացքում հաջողություններ է ունեցել: Ծնողներն անթաքույց հպարտությամբ են շեշտում՝ դիպուկ էր կրակում, խոցում բոլոր թիրախները: Անգամ խրախուսվել է՝ Արցախում տեղի ունեցած զորավարժությունների ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգեւատրվելով ձեռքի ժամացույցով: 

Ֆիզիկապես կոփված ու ամուր էր: Զրուցակիցս փաստում է. «Ծառայակից ընկերները, հրամանատարները պատմում էին որդուս ուժի մասին: Հրամանատարներից մեկը մեզ հյուր էր եկել: Պատմում էր, թե ինչպես էր տղաս տանկի՝ 70 կգ կշռող 2 մարտկոցները վազեվազ մի վայրից մեկ այլ վայր տեղափոխում»



«Մա՛մ, պապիս լավ կնայեք…»

«Մարտական գործողություններից մի քանի օր առաջ զանգահարեց,- շարունակում է տիկին Աննան,- Սուրբ Զատիկի օրն էր: Սովորաբար ընտանիքով ուխտագնացության ենք գնում, եւ, ավանդույթի համաձայն, այդ օրն էլ պիտի ուղեւորվեինք Հաղարծնի վանական համալիր: Վլադիմիրը գիտեր այդ մասին ու երեւի կարոտել էր մեզ. երկար խոսեց, ասես ամբողջ օրը մեզ հետ լիներ: Զրույցի ընթացքում հիշեցրեց՝ «Մա՛մ, ծառայությանս մնաց 78 օր: Վերջացնեմ ու գալիս եմ»: Ասացի՝ «Վալոդի՛կ ջան,  ես չեմ ուզում օրերը հաշվել, դու էլ մի՛ հաշվիր, տղա՛ս»: Զարմանալիորեն սիրտս ուրախությունից չէր թրթռում: Հիմա եմ հասկանում՝ երեւի զգում էի, որ որդիս չի վերադառնալու…»

Ապրիլի մեկին զանգահարեց վերջին անգամ: Տիկին Աննան դառը հոգոց է հանում. «Փետրվարի 27-ին տատը մահացել էր, որից հետո մի շաբաթով արձակուրդ էր եկել, բայց չգիտեմ ինչու՝ երբ վերջին անգամ զանգահարել էր, ասաց. «Մա՛մ, չեմ պատկերացնում, որ գամ տուն, տատը տանը չի լինելու (Հիմա ես ինչպե՞ս ուժ գտնեմ, ինչպե՞ս պատկերացնեմ, որ ինքը տանը չէ)»: Տատի մասին խոսեց, ապա հորդորեց. «Մա՛մ, պապիս լավ կնայեք»: Կատակեցի՝ փաստորեն պապին է՞լ ես սիրում»



Քու խոխեն էլ չկա…

2016 թ.-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը լայնածավալ մարտական գործողություններ սկսեց շփման գծի ողջ երկայնքով: Ավագ լեյտենանտ Բենիամին Մոնթե Եղոյանի հրամանատարությամբ 321 համարը կրող տանկի անձնակազմն այն ստորաբաժանման կազմում էր, որը մշտական տեղակայման վայրից մեկնեց դեպի հարավային ուղղություն՝ օգնության հասնելով զորամասի անձնակազմին: Տղաներն աչքի ընկան խիզախությամբ ու անձնուրաց պայքարով եւ մարտադաշտում էլ անմահացան: 

«Ապրիլի 2-ի առավոտյան հեռուստատեսությամբ լուրեր էինք դիտում եւ տեղեկացանք, որ Արցախում մարտական գործողություններ են սկսվել: Սարսափեցինք՝ պատերազմի մասին լուրերը լսելով, թեպետ որպես մայր որդուս համար անհանգստանալու պատճառ չունեի. շատ լավ գիտեի՝ ծառայության վայրն առաջնագծից հեռու է: Չէի պատկերացնում, որ պատերազմական գործողություններն այնքան մեծամասշտաբ կլինեն, որ տղաս էլ կգնա առաջնագիծ: Երեկոյան զանգահարեցի զորամասի ճաշարանի խոհարարներից մեկին, խնդրեցի պատմել, թե ինչ իրավիճակ է:  Հանգստացրեց ինձ՝ ասելով, որ որդուս քիչ առաջ է տեսել ճաշարանում: Շարունակում էինք հետեւել նորություններին, որոնք տագնապեցնող էին: Հետո իմացա, որ որդիս գնացել է առաջնագիծ: Արդեն գիտեի՝ Վլադիմիրս այնտեղ է, որտեղ պատերազմ է: Ամբողջ գիշեր մտածում էի՝ եթե վատ բան պիտի լսեմ, թո՛ղ ականջներս խլանան, չլսեմ, աչքերս կուրանան, չտեսնեմ ոչինչ,- կարծես ցավը ողջ ուժգնությամբ վերապրելով՝ շարունակում է զրուցակիցս,- ապրիլի 3-ին ամբողջ օրը ես չկարողացա հեռուստացույց միացնել. սարսափում էի, չէի ուզում ոչինչ լսել ու տեսնել: Ու զարմանալի է՝ այդ օրը ընդհանրապես չէի ցանկանում տուն մտնել: Անընդհատ ձգտում էի դրսում լինել: Հետո… կրտսեր որդիս եկավ ու ասաց, որ մեր ծանոթ տղաներից մեկը զոհվել է… Սիրտս ցավից կծկվեց»

Ապրիլի 3-ին խոցվել էր Վլադիմիրի տանկը: Դիլիջանում արդեն շշուկներ կային, որոնք դեռեւս ծնողներին չէին հասել: 

«Ապրիլի 4-ին կրկին զանգահարեցի զորամաս: Անհանգստությունից տեղս չէի  գտնում: Ասաց՝ քո տղայից լուր չունեմ, պատերազմ է: Խնայեց ինձ, չասաց ճշմարտությունը կամ գուցե դեռ վստահ չէր, չգիտեմ: Դրանից հետո մենք իմացանք, որ կատարվել է սարսափելին. որդուս տանկը խոցվել է: Չեմ ցանկանում նկարագրել այն ապրումները, տառապանքը, որ կրեցինք… Ապրիլի 6-ին նորից զանգահարեցի ճաշարանի աշխատակցին, ասացի՝ գիտենք, որ տանկը խոցվել է, տղերքը չկան, ասաց՝ «Ճիշտ ես լսել, քու խոխեն էլ չկա»: Սակայն մինչեւ  հեռուստացույցով անունը չկարդացի…»,- տիկին Աննայի ձայնը խեղդվում է: Լռում է մի պահ:

- Չէիք հավատո՞ւմ,- հարցնում եմ՝ ուղղակի չլռելու, վայրկյաններ ձգվող, բայց կապարի նման ծանրացող լռությունը խախտելու համար: 

- Հիմա էլ չեմ հավատում: Եթե կարողանանք իրականությանը սառնասրտորեն նայել, երեւի կխենթանանք: Պարզապես օրերը գլորում ենք: Կարոտը, գիտե՞ս, ինչ է անում, աղջի՛կս… Երբ արձակուրդ էր գալիս, այնպիսի կարոտով էի գրկում: Այնքան թիկնեղ էր, թեւերս իրար չէին հասնում: 



«Մայրական արցունքները մոռանալ անհնար է»

…Ամեն անգամ առանձնակի երկյուղածությամբ ու սրտի դողով եմ թերթում զոհված տղաների գրպանի նոթատետրերը. մտածում եմ՝ գուցե դրանց ծալված, երբեմն շատ գործածելուց հնացած թերթերին նվիրական մի բառ, մի տող են պահ տվել, որ այնքան իրենցն է: Փնտրում եմ ու գրեթե միշտ գտնում: 

Վլադիմիրի նոթատետրից մեկի առաջին էջում Հայաստանի քարտեզն է պատկերված: Քարտեզի վրա Դիլիջան բառն ընդգծել է, անմիջապես բառի մոտ սիրտ նկարել: Շարունակում եմ թերթել. էջերից մեկում գրված են Հայաստանի քաղաքների անունները, Դիլիջան բառը ներկել է կարմիր գրչով: Ու ամենուր ծաղիկներ են…

Մի էջում մարտ վարելու կանոններ են, մյուսում՝ ծաղիկներ: 

«Դեռ ուսումնական զորամասում էր ծառայում: Երբ արձակուրդ եկավ, նոթատետրի մեջ թղթեր կային, որոնց վրա ծաղիկներ էր նկարել ու մեր սարի տունը: Տվեց ինձ, ասաց՝ կթափես: Պահել էի մի տեղ, վերջերս հիշեցի, փնտրեցի, գտա: Նկարչությամբ երբեւէ չի զբաղվել, բայց սիրում էր նկարել: Նստած տեղը կարող էր գրչով որեւէ զարդանախշ, ծաղիկներ կամ սարի տունը նկարել»,- պատմում է մայրը: 

Ուսումնական զորամասից բերած թղթերի մեջ՝ մի քանի տեղ, գրել է. «Մայրական արցունքները մոռանալ անհնար է»