Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 28-11-2017
Ի՞նչ են ահազանգում ՀՀ բուհերի ընդունելության արդյունքները. փորձագիտական քննարկում
Ինչպես հայտնի է, 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության քննությունների արդյունքները մտահոգիչ էին եւ հասարակական լայն քննարկումների առիթ հանդիսացան:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի հրապարակած տվյալները ցույց տվեցին, որ այս տարի Հայաստանի պետական եւ ոչ պետական բուհերում հատկացված 19641 տեղից (1 641 անվճար եւ 18 000 վճարովի տեղ) թափուր է մնացել շուրջ 11 375 տեղ: Միասնական քննությունների արդյունքներով՝ հայտագրված 9944 դիմորդներից բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվեցին 8 266 դիմորդներ: Հուլիսի 15-ից 20-ը բուհերում հայտարարված ընդունելության երկրորդ փուլն առանձնապես չփոխեց պատկերը: 

Համաձայն Գնահատման եւ թեստավորման կենտրոնի վերլուծության՝ դիմորդների թվի նվազմանը հիմնականում նպաստել են հետեւյալ գործոնները.
1. Հայաստանում գործող օտարերկրյա բուհերի եւ դրանցում սովորել ցանկացողների թվի ավելացումը,
2. Միջին մասնագիտական կրթության հաստատություններ ընդունվողների թվի ավելացումը,
3. 1990-ական թվականներին բնակչության ծնելիության մակարդակի նվազումը,
4.Արտագաղթը:

2017 թ. ամենապահանջված մասնագիտություններն են եղել բուժական գործ, ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա, իրավագիտություն, ֆինանսներ, կառավարում (ըստ ոլորտի), ստոմատոլոգիա, տնտեսագիտություն, դիզայն, հաշվապահ, հաշվառում եւ հարկում (ըստ ոլորտի), միջազգային հարաբերություններ: Մինչդեռ բազային գիտական մասնագիտությունները (ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա եւ այլն) գրեթե պահանջարկ չունեն: 

Ինչի՞ մասին են վկայում այդ ցուցանիշները, որո՞նք են շուրջ 60% թափուր տեղերի հիմնական պատճառները, ինչո՞վ է պայմանավորված մասնագիտությունների նման պահանջարկը, որո՞նք են ընդունելության ներկա համակարգի դրական եւ բացասական կողմերը, եւ ընդունելության քննությունների անցկացման ձեւաչափը ինչպե՞ս է ազդում բուհական կրթության որակի վրա, կազդի՞ արդյոք տարկետման համակարգի փոփոխությունն ընդունելության քննությունների եւ մասնագիտական կողմնորոշման վրա։



Այս հարցերի շուրջ նոյեմբերի 27-ին «Հոդված 3» ակումբում քննարկում ծավալեցին Գնահատման եւ թեստավորման կենտրոնի նախկին տնօրեն Գագիկ Մելիքյանը, Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Մարինա Գալստյանը, ԵՊՀ դասախոս, բարձրագույն կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանը: Հանդիպումը վարում էր կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: 

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի նախկին տնօրեն Գագիկ Մելիքյանի խոսքով՝ դպրոցի եւ բուհի հետ կապված խնդիրներն իրենցից ամբողջական կծիկ են ներկայացնում, որոնք միմյանց հետ փոխկապակցված են: Դպրոցից բուհ անցումը պետք է պատկերացնել, սակայն՝ դրանց ամբողջական դերակատարման տեսանկյունից: «Ունենք հիմնական դպրոց, միջնակարգ դպրոց, բուհ՝ իր աստիճանական համակարգով: Դրանցից յուրաքանչյուրի ավարտելու դեպքում հանձնվում են համապատասխան քննություններ: Սակայն այդ ամենից զատ կան նաեւ միասնական քննություններ, որոնք ապահովում են մուտքը դեպի բուհ, եւ որոնք ունեն առանձնահատկություն՝ գնահատումն իրականացվում է արտաքին գնահատմամբ: Այն, ինչպես հայտնի է, իրականացվում է ԳԹԿ-ի կողմից»,- սխեմայի ձեւով պատկերելով՝ ներկայացրեց Գագիկ Մելիքյանը:

Ըստ փորձագետի՝ համակարգն ունի առավելություններ եւ թերություններ: Դրանք ներառում են գնահատման համակարգը, դիմորդների քանակի դինամիկան, ընդունելության քննությունների ձեւաչափի ազդեցությունը:

Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Մարինա Գալստյանը, ներկայացնելով մի շարք փորձագիտական եւ հետազոտական ուսումնասիրությունների արդյունքներ, խոսեց վերջին 20-27 տարիների հետազոտական տվյալներից: Նա փաստեց, որ բարձրագույն կրթությունը՝ որպես մշակութայն կապիտալի կուտակման միջոց,  90-ականներին ավելի շատ ավարտական դիպլոմների կարևորությամբ էր դիտարկվում (որպես գիտելիքների եւ հմտությունների ձեռք բերման միջոց): Այնուհետեւ, սկսեց գերիշխել այն մոտեցումը, որ բուհական համակարգը նպաստում է աշխատանք ձեռք բերելուն, այսպիքն այն ընկալվեց որպես տնտեսական կապիտալի կուտակման միջոց: Այժյա հետազոտությունների համաձայն (2015-ից սկսված)՝ բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելը կամ դիպլոմ ստանալը՝ սոցիալական կապիտալի կուտակման միջոց է: Շատերը դիմում են կրթություն ստանալու՝ սոցիալական կապիտալ ձեռք բերելու համար: Հաճախ երիտասարդները ցանկանում են ստանալ կրթություն ոչ թե կոնկրետ մասնագիտության գծով, այլ պարզապես բուհ ընդունվել: 



«Երիտասարդները հիմա առաջնորդվում են ապագայում աշխատանք գտնելու սկզբունքով, իսկ գործատուներն իրենց հերթին սկսել են առավել շատ ուշադրություն դարձնել մարդկային որակներին. պատասխանատվության բարձր զգացում, պարտաճանաչություն, թիմային աշխատանք եւ այն: Երիտասարդները վերջին ժամանակներս աշխատում են նաեւ իրենց գիտելիքի բացը լրացնել դասընթացների միջոցով, որոնք հաճախ վճարովի են լինում»,- փաստում է փորձագետը եւ որպես բացասական կողմ մատնանշում նաեւ արտագաղթի խնդիրը:

ԵՊՀ դասախոս, բարձրագույն կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյան էլ նշեց, որ վերջին տարիներին մասնագիտության ընտրությունը չեզոք դիրքում է գտնվում. «Աշխարհն ընթանում է 21-րդ դարի կարողություններով, հմտություններով: Բարձրագույն կրթական մակարդակում դրանք ընդհանրական կարողություններ են համարվում: Մեկ բան պարզ է՝ հիմնական խնդիրը տվյալ երիտասարդի սովորելու կարողությունն է: Բոլոր որակումները պետք է ներսից լինեն, իսկ ուսումնական եղանակները՝ ճկուն եւ ազատ, որպեսզի երիտասարդները կարողանան զարգանալ տեսականորեն, իսկ ամենակարեւորը՝ կարողանան իրացնել այն»:

Փորձագետների՝ տեսակետներ հայտնելուց հետո ներկաներն իրենց հուզող հարցերը հղեցին նրանց: