Նյութը՝ Ռոզա Գրիգորյան
Լուսանկարները՝
Տեղադրվել է 27-11-2017
Yerevan Book Fest. կարդալու նկատմամբ սեր ու բազում նոր գրքեր
Եռօրյա գրքի տոն՝ Երեւանում: Ավարտվեց Գրքի երեւանյան փառատոնը՝ Yerevan Book Fest-ը, որի շրջանակում ընթերցողներին ներկայացվեցին բազմաթիվ նոր ու հետաքրքիր գրքեր, կայացան մեծ թվով շնորհանդեսներ, քննարկումներ ու վարպետության դասեր:

«Քաղաքը կարդում է…» խորագրի ներքո անցկացվեցին գրքի ու գրականության արժեւորմանն ուղղված բազում միջոցառումներ: Yerevan Book Fest-ը դարձավ հարթակ, որտեղ հանդիպեցին գրողը, ընթերցողն ու հրատարակիչը:

Գրքի երեւանյան փառատոնի կազմակերպիչն էր «Միհր» ստեղծագործողների միությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Միջոցառման շրջանակում հետաքրքրական էին Հովիկ Աֆյանի «Միս ուտողները» պատմվածքների ժողովածուի («Անտարես» հրատարակչություն), Օլդոս Հաքսլիի «Չքնաղ, նոր աշխարհ» վեպի հայերեն թարգմանության («Զանգակ» հրատարակչություն), Հովհաննես Երանյանի «Մեղքի պարան» վեպի («Անտարես»), Ուլրիխ Հուբի «Տապանի մոտ ժամը 8-ին» մանկական գրքի («Զանգակ»), Ջոն Գրինի «Թղթե քաղաքներ» եւ «Աստղերն են մեղավոր» վեպերի հայերեն թարգմանությունների («Էդիթ պրինտ» հրատարակչություն), Արամ Ավետիսի «Կույր կետադրություն» պատմվածքների ժողովածուի («Անտարես») շնորհանդեսները: 

Նշենք, որ Գրքի երեւանյան առաջին փառատոնի կարեւոր բաղկացուցիչը ժամանակակից հայ գրականության մրցույթն էր (արձակ, պոեզիա, դրամատուրգիա եւ մանկապատանեական գրականություն անվանակարգերում)։

Մրցութային չորս անվանակարգերի 1-ին եւ 2-րդ հորիզոնականներում հաղթողները ստացան դրամական պարգեւ, որը կփոխանցվի հեղինակի ընտրած հրատարակչին, իսկ վերջինս կպարտավորվի մեկ տարում հրատարակել գրողի ժողովածուն կամ վեպը։ Yerevan Book Fest-ի դրամատուրգիա անվանակարգում առաջին մրցանակակիր դարձավ Գրիգոր Խանջյանը, երկրորդը՝ Անուշ Ասլիբեկյանը: Մանկապատանեկան գրականություն անվանակարգում առաջին մրցանակակիրը Սիլվա Հովհաննիսյանն էր, երկրորդ տեղում էր Էլֆիկ Զոհրաբյանը: Չափածո ժանրում առաջին եւ երկրորդ տեղերում էին Ներսես Աթաբեկյանը եւ Հուսիկ Արան: Արձակում լավագույն հեղինակներն էին Համբարձում Համբարձումյանը (1-ին մրցանակ) եւ Հովհաննես Երանյանը (2-րդ մրցանակ):

Միջոցառման բոլոր մասնակիցները լիահույս են, որ Գրքի երեւանյան փառատոնը կդառնա ավանդական ու ամեն տարի իր հարկի ներքո կհամախմբի գրքի ու գրականության ոլորտի նվիրյալներին: