Նյութը՝ Դավիթ Գրիգորյանից
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 24-11-2017
Իրինա Սլուցկայան վարպետության դաս կանցկացնի Երեւանում
Դեկտեմբերի 8-ին Ի. Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում հռչակավոր մարզուհին եւ երկու սկսնակ մարզուհիների՝ տասնամյա հոկեիստ Արտյոմի եւ յոթնամյա գեղասահորդուհի Վարվարայի մայրը հայ գեղասահորդների եւ նրանց ծնողների համար կանցկացնի վարպետության դաս:

Հանդիպման ընթացքում նա կպատմի երեխայի սպորտային կարիերայի հարցում ընտանիքի դերի մասին եւ սկսնակ գեղասահորդների հետ կկիսվի մասնագիտական վարպետության գաղտնիքներով:

Իրինա Սլուցկայան հանրահայտ ռուս գեղասահորդ-մենակատար է, համաշխարհային սպորտի լեգենդ, հասարակական եւ քաղաքական գործիչ, Ռուսաստանի Կամավոր ֆիզկուլտմիության նախագահ, Մոսկվայի շրջանային Դումայի պատգամավոր, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի միակ յոթակի չեմպիոն, Գրան պրի շարքի քառակի հաղթող, օլիմպիական խաղերի կրկնակի մրցանակակիր: Նա վարում է ակտիվ հասարակական գործունեություն՝ ուղղված առողջ ապրելակերպի մասսայականացմանը, Մերձմոսկվայում հիմնել է գեղասահքի մարզադպրոցների ցանց:

Իրինա Սլուցկայան չմուշկներով սկսել է սահել 4 տարեկանից եւ իր ողջ սպորտային կարիերան անցել է նույն մարզչի՝ Ժաննա Գրոմովայի հետ՝ ցուցադրելով իրենց բարդությամբ ու գեղեցկությամբ ցնցող ելույթների ծրագրեր:

Կարիերայի սկզբում մարզիչները վստահ չէին աղջկա հնարավորությունների եւ հեռանկարների առումով՝ համարելով նրան ոչ ճկուն եւ ոչ արտիստիկ: Մեծանալով եւ հղկելով կատարման տեխնիկան՝ նա ձեռք բերեց հմայիչ կանանցիություն, եւ այդ ժամանակից ի վեր սառցե բեմերում ցուցադրում է ոչ միայն անհավանական բարդ պտույտների, ցատկերի եւ սահընկումների կատարման թեթեւություն, այլեւ բացառիկ արտիստիզմ:

Առաջին հաղթանակը, որը դարձավ փայլուն կարիերայի մեկնարկը, նա նվաճել է 8 տարեկանում: Նրա՝ մարզումներով հագեցած կյանքում եղավ մի շրջան, երբ նա հասցնում էր հաճախել նաեւ բալետի եւ երաժշտական դպրոց: Մանկուց նրա մեջ առկա էին հաղթանակի համար անհրաժեշտ բոլոր որակները՝ համառություն եւ համբերություն, պատասխանատվություն եւ վստահություն իր ուժերի նկատմամբ, աշխատասիրություն, կարգապահություն եւ ամուր նյարդեր: Գեղասահորդուհու փայլուն կարիերայում եղել է նաեւ սարսափելի շրջան, երբ աննկարագրելի ջանքերի շնորհիվ նա կարողացավ վերականգնվել անոթների լուրջ հիվանդությունից հետո եւ հաղթել 2005 թվականի աշխարհի եւ 2006 թվականի Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաեւ նվաճել Իտալիայի օլիմպիադայի բրոնզե մեդալը:

2006 թվականի նոյեմբերին գեղասահորդուհին, ով այդ պահին արդեն իսկ նվաճել էր 40 ոսկե, 21 արծաթե եւ 18 բրոնզե պարգեւներ, հայտարարեց մեծ սպորտից հեռանալու մասին: