Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 23-11-2017
Ատոմ Էգոյանը կպարգեւատրվի Հնդկաստանում
Հանրահայտ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը նոյեմբերի 20-ին մեկնարկած «Հնդկաստանի միջազգային կինոփառատոն-2017»-ի (IFFI) ընթացքում կպարգեւատրվի «Lifetime Achievement» մրցանակով:

Հնդկական լրատվամիջոցները նշում են, որ Ատոմ Էգոյանը մեծ ներդրում է ունեցել համաշխարհային կինոյի զարգացման գործում: 

«Հաջողակ ռեժիսոր, գրող եւ պրոդյուսեր Ատոմ Էգոյանը զգալի ավանդ է ներդրել համաշխարհային կինոյի զանգվածային եւ այլընտրանքային ժանրում: Նրա աշխատանքներն առանձնանում են ֆիլմերի ստեղծման նոր տեխնոլոգիական լուծումների օգտագործմամբ եւ բազմաթիվ էմոցիաներ արտահայտող թեմատիկ բազմազանությամբ»,- նշում են լրատվամիջոցները:

Timesofindia.indiatimes.com-ի փոխանցմամբ՝ Հնդկաստանի տեղեկատվության եւ հեռարձակման նախարար Սմրիթի Իրանին Twitter-ի իր էջում հրապարակած գրառման մեջ հայտնում է, որ կինոփառատոնի ընթացքում ռեժիսորի էկրանավորած երեք՝ «Քաղցր ապագան», «Էկզոտիկա» եւ «Հիշել» ֆիլմերի հատուկ ցուցադրություն կկազմակերպվի:

Ատոմ Էգոյանը Տորոնտոյի համալսարանում հայոց պատմություն ուսանելու տարիներին շատ բան է բացահայտում իր ազգային մշակույթի եւ պատմական անցյալի մասին: Նա մեծ հետաքրքրությամբ սկսում է ուսումնասիրել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Ռեժիսորի «Արարատ» ֆիլմը (2002 թ.) նրա առաջին աշխատանքն է Հայոց ցեղասպանության մասին: Էկրանավորել է 15 լիամետրաժ ֆիլմ, ստեղծել մի քանի հեռուստատեսային նախագծեր, ինչպես նաեւ կարճամետրաժ ֆիլմեր:

Նշենք, որ փառատոնը կտեւի մինչեւ նոյեմբերի 28-ը: