Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 23-11-2017
Կայացավ վրաց-աբխազական «2+2=2» խմբի երեւանյան համերգը
«Լոֆթ» ինքնազարգացման եւ ժամանցի կենտրոնում այսօր կայացավ վրաց-աբխազական «2+2=2» խմբի համերգը, որը կազմակերպել էր «IMTD-Վրաստան» կազմակերպությունը՝ «C.R.E.A.T.E» ծրագրի շրջանակում:

Նշենք՝ համերգը «Խաղաղության ավտոբուս» խորագրով ծրագրի մի մասն էր կազմում, որի հիմնական նպատակն է վրաց-աբխազական մշակութային կապերի խորացումը, երկու հասարակությունների միջեւ հարաբերությունների բարելավումը եւ իհարկե երկխոսության հարթակների ստեղծումը։ 

Խմբի մենակատար Անդրիա Գվելեսիանին վրացական հեռուստատեսության փոփ աստղ է, երիտասարդների ֆավորիտը, ով «Եվրատեսիլ»-ի նախընտրական փուլի, վրաստանյան «Պարում են աստղերը» եւ այլ բազմաթիվ հեռուստաշոուների մասնակից է:

Խմբի անդամները ողջունեցին ներկաներին եւ նշեցին, որ ուրախ են համերգով մայրաքաղաք Երեւանում հանդես գալու առթիվ: 

«Ողջունում ենք բոլորին, ովքեր այստեղ են, ինչպես նաեւ հյուրերին՝ Թուրքիայից, Վրաստանից եւ Իռլանդիայից ժամանած: Մենք ձեզ համար հետաքրքիր եւ գեղեցիկ երգեր կկատարենք»,- նշեցին նրանք:

Ներկաների ջերմ եւ պարային տրամադրությունն էլ ավելի էր ոգեւորում երիտասարդ արտիստներին: Խմբի գեղեցիկ կատարումները (վրացական ու աբխազական երգերի ֆոլկ) միքս ժանրի մշակումներով՝ կիթառի ու փանդուրիի (վրացական ազգային գործիք) համադրությամբ, կարելի է ասել, բացեցին երկու ազգերի մշակույթների նոր ու դեռ չլսված էջերը։ 

Պատկերասրահ՝ Վրաց-աբխազական «2+2=2» խմբի երեւանյան համերգը