Նյութը՝ Դավիթ Գրիգորյանից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 22-11-2017
Շքեղ աստղաբույլ Գյումրու դրամատիկականի բեմում. ԵՊԿ ԳՄ-ն 20 տարեկան է
Այս տարի լրանում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակը:

Այն հեռավոր տարիներին հետաղետալի Գյումրին կանգնած էր հոգեւոր ճգնաժամի եւ անհուսության առջեւ, երբ համատարած ընդարմացման եւ նիրհի մեջ որպես հուսո փարոս մաեստրո Լորիս Ճգնավորյանի շնորհիվ ծնվեց արվեստների կենտրոն ստեղծելու գաղափարը, եւ 1991 թ.-ին սկիզբ առավ մի աննախադեպ ուխտագնացություն: Այն Հայկական բարեգործական ընդհանուր միության եւ նրա նախագահ տիկին Լուիզ Սիմոն Մանուկյանի աջակցությամբ որպես նյութական կերտվածք ավարտին հասավ 1997 թ.-ին: Նույն տարվա հոկտեմբերի մեկին տեղի ունեցավ Գյումրու «Արվեստների ակադեմիայի» հանդիսավոր բացումը, որտեղ անուրանալի է ԵՊԿ-ի ռեկտոր Արմեն Սմբատյանի, ՀՀ վարչապետ Արմեն Դարբինյանի, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի, Շիրակի մարզպետ Արարատ Գոմցյանի, ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի մշակույթի բաժնի վարիչ Հասմիկ Կիրակոսյանի, ԵՊԿ պրոռեկտոր Ստեփան Սուքիասյանի գործունեության կարեւորությունը:

Դեկտեմբերի 2-ին Գյումրիում նշվելու է ԵՊԿ ԳՄ ստեղծման 20-ամյակը: Հոբելյանական տարում կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ, համերգներ, գիտաժողովներ ՀՀ մարզերում, Երեւանում եւ արտերկրում (Ավստրիա, ԱՄԷ, Սլովենիա, Իտալիա, Չեխիա, Շվեդիա եւ այլուր):

Հոբելյանական միջոցառումների պսակը կհանդիսանա դեկտեմբերի 2-ին, երբ հանդիսավոր պայմաններում Գյումրու դրամատիկական թատրոնում կնշվի հիմնադրման 20-ամյակը: Հանդիսություններին կմասնակցեն գործընկեր բուհերի պատվիրակություններ մեկ տասնյակից ավելի երկրներից:

Հանդիսավոր երեկոյին կմասնակցեն նաեւ այն անձինք ու պետական գործիչները, ովքեր իրենց ներդրումն ունեն բուհի ստեղծման եւ կայացման գործում: Հավելենք, որ միջոցառմանը ներկա կլինի անձամբ մաեստրո Լորիս Ճգնավորյանը:

Համերգային բաժնում շնորհավորական ելույթներով հանդես կգան.

Կոմիտասի անվան ԵՊԿ ռեկտոր Շահեն Շահինյան, նույն բուհի պրոֆեսոր, դաշնակահար Արմեն Բաբախանյան:

Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիայի ռեկտոր Ալեքսեյ Վասիլով (թավջութակ):

Վիեննայի ակադեմիայի ռեկտոր Բորիս Պերենու:

Ղազախստանի Ժուրգենովի անվան արվեստների ակադեմիայի  ռեկտոր Բիբիգուլ Նասիպժանովա, նույն ակադեմիայի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Վեներա Ալպիսբաեւա (վոկալ):

Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի պրոռեկտոր Կոնստանտին Զենկին, նույն կոնսերվատորիայի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Ռոդիոն Զամուռուեւ (ջութակ):

Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայի պրոռեկտոր Ալեքսանդր Բազիկով: 

Նովոսիբիրսկի Գլինկայի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Նատալյա Մալցեւա:

Լատվիայի երաժշտական ակադեմիայի պրոռեկտոր Նորմունդ Վիկսնե եւ Անտրա Վիկսնե (դաշնամուր):

Թբիլիսիի կոնսերվատորիայի պրոռեկտոր Մանանա Դոիջաշվիլի:

Մոլդովայի արվեստների ակադեմիայի պրոռեկտոր Տատյանա Կոմենդանտ, նույն ակադեմիայի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Զինաիդա Բրինզելա-Կոշլեց (ջութակահար):

Ղրղզստանի ազգային կոնսերվատորիայի պրոռեկտոր Սվետլանա Իսմաիլովա, նույն կոնսերվատորիայի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Սայան Իսին:

Միջոցառմանն իրենց ողջույնը կբերեն նաեւ Վլադիմիր Սվերդլով-Աշկենազին (դաշնամուր, Ռուսաստան, ճանաչված դաշնակահար Դավիթ Աշկենազիի թոռը):

Ալեքսանդրովի անվան երգչախմբի կատարողներ եւ ղեկավարություն (Վյաչեսլավ Ումանեց, Իգոր Ռաեւսկի, Ալեքսանդր Ելովսկիխ) եւ շատ այլ հանրահռչակ երաժիշտներ: