Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ artsakhpress.am-ից
Տեղադրվել է 21-11-2017
Լրագրողը՝ որպես օբյեկտիվ հենասյուն
ՀՀ-ում եւ ԱՀ-ում գործող մի խումբ լրագրողներ Ստեփանակերտում մասնակցեցին «Լրագրողը՝ որպես օբյեկտիվ հենասյուն օնլայն եւ օֆլայն պատերազմական իրավիճակում» թեմայով սեմինարին:

Սեմինարը տեղի ունեցավ նոյեմբերի 17-ից 19-ը: Այն կազմակերպվել էր «Ճամփորդ» հասարակական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարության եւ  Արցախում մարդու իրավունքների հիմնադրամի համագործակցությամբ: 

«Ճամփորդ» հասարակական հիմնադրամի տնօրեն Գոհար Հայրապետյանը նշեց, որ սեմինարի թեման պատահական չէր ընտրված, քանի որ պատերազմները տեղափոխվել են նաեւ տեղեկատվական տիրույթ: Սեմինարին մասնակցելու համար լրագրողները նախապես լրացրել էին մասնակցության հայտեր: 

«Մենք ընտրել ենք այն լրագրողներին, ովքեր համապատասխանում են չափանիշներին. ունեն առնվազն 2 տպագրված նյութ թեմայի վերաբերյալ: Հաշվի են առնվել ե՛ւ ուղարկված նյութի որակը, ե՛ւ լրագրողի տեսակը՝ որքանով է ակտիվ, հետաքրքիր եւ որքանով ինչ-որ նոր բան կքաղի իր համար»,- մասնակիցների ընտրության մասին ասաց Գոհար Հայրապետյանը:

Սեմինարի մասնակից-լրագրողներին Ռազմական ոլորտի լուսաբանման առանձնահատկությունները, արդի մարտահրավերները եւ խնդիրները ներկայացրեցին ՀՀ-ի եւ ԱՀ-ի մասնագետները: Դասախոսություններով հանդես եկան նաեւ միջազգային փորձագետներ Արթուր Մատվեւը՝ ՌԴ-ից, եւ Մայքլ Էրիկ Լամբերտը՝ Ֆրանսիայից: 

Փորձագետների դասախոսությունները հիմնականում կրում էին ինտերակտիվ բնույթ: Երեք օրերի ընթացքում տեղի ունեցան հետեւյալ դասախոսությունները. «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» ընկերության հիմնադիր-տնօրեն Սամվել Գեւորգյանը խոսեց կիբերանվտանգության մարտահրավերների մասին, ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ներկայացրեց խոսքի ազատության իրավաչափ սահմանները հակամարտության գոտիներում, «Մեդիամաքս»-ի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը պատմեց Ապրիլյան պատերազմի տեղեկատվական սպառնալիքների մասին եւ գործնական խորհուրդներ տվեց ռազմական լրագրությամբ զբաղվելու համար: Դասախոսությամբ հանդես եկավ նաեւ Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը: 

Սեմինարին ներկա էին նաեւ ՀՀ ՊՆ ներկայացուցիչները: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի գլխավոր մասնագետ, քաղաքացիական հատուկ ծառայող Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց լրագրողներին ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները: Խոսվեց նաեւ ՊՆ թեժ գծի գործունեության մասին, պարզաբանվեց, թե ինչ նպատակ է այն հետապնդում, եւ թե հիմնականում ինչ հարցերով են դիմում քաղաքացիները: 

Սեմինարին ներկա էր նաեւ ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը: Նա ներկայացրեց ՀՀ ՊՆ օրենսդրական նոր նախաձեռնությունները: Քննարկվեց «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը: Սեմինարի վերջին օրվա ընթացքում ՊՆ կադրերի եւ ռազմական կրթության վարչության պետի տեղակալ Նորայր Սմբատյանը ներկայացրեց ՀՀ զինված ուժերում իրականացվող ռազմական կրթության ծրագրերը եւ նորամուծությունները:

Եռօրյա սեմինարի շրջանակում լրագրողները այցելեցին նաեւ Արցախի Հանրապետության ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը, հանդիպեցին զինծառայողների հետ: